Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանի ելույթը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի նախաձեռնած «Վերադարձ» խորագրով միջոցառմանը․
Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ
Գերաշնորհ Սրբազան հայրեր և արժանապատիվ հոգևոր հայրեր
Հարգելի՛ ներկաներ
Արցախի Հանրապետության 33-րդ տարեդարձը նշում ենք մեր հայրենի օջախից հեռու։
Այն օջախից, որը կառուցել ենք մե՛ր ապուպապերի, մե՛ր ընկերների, մե՛ր քույրերի ու եղբայրների, մե՛ր որդիների ու դուստրերի արյունով ու քրտինքով։
Այսչափ զոհաբերության ու տառապանքի գնով հայրենակերտումը ապացույցն է մեր ժողովրդի՝ համայն հայության կենսունակության ու ապրելու իրավունքին տեր կանգնելու վճռակամությանը։
Հայկական զույգ պետությունների և Սփյուռքի եռամիսանության խոհրդանիշը անցյալ տարիների ընթացքում եղել և պետք է շարունակի մնալ Արցախը։ Արցախի Հանրապետությունը՝ ջահակիրը մեր նորօրյա ազատագրական պայքարի։
Հայ Հեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովը՝ կուսակցության բարձրագույն ժողովը, դեռևս անցյալ դարի 90-ականներին մի հաստատում է սահմանել՝ Արցախն ու Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են։
Այս խորհրդանշական օրվա այս հանդիսավոր միջոցառումը առհավատչյան է հենց այդ գաղափարի։ Եթե Դաշնակցությունը ավելի քան 130 տարի գաղափարակիրն է եղել հայ ժողովրդի ազատագրական պայքարի, եթե ռահվիրայի ծանր պարտականությունը հանձն են առել երդվյալ դաշնակցականները Արցախի ժողովուրդը իրականացրել է պետականակերտման ու ազատության համար պայքարի առարկայական, շոշափելի ծանրությունն իր ուսերի վրա, ճաշակելով թե՛ հաղթանակի քաղցրությունը, թե՛ պարտության վիշտն ու ցավը։
Հայ ժողովուրդը պարտվել է 2020 թվականի աղետաբեր պատերազում։ Մինչ օրս շարունակվում է այդ պարտության, գահավիժման ընթացքը։ Ամեն օր դեմ հանդիման ենք կանգնում զիջումների ու ընկրկումների, թշնամին տեսնելով դիմացի կողմի իշխանավորների թուլակամությունն ու փալասային քաղաքականությունը՝ լկտիության սահմանները վաղուց է անցել։
Այս ընթացքը պետք է կասեցնել, այլ ելք, պարզապես, գոյություն չունի։ Վիշտը չի կարող հավերժ լինել, վիշտը ցավ է դառնալու, ցավը ցասում, իսկ ցասումը՝ վրեժի կանչը, պայքարի ոգին սնելու ամենահզոր աղբյուրն է։ Այլ ելք գոյություն չունի, պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր, հարատև՛ պայքար։
Պատահական չէ, որ այս միջոցառման խորագիրը վերադարձն է։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի ներկա փուլի կարևորագույն հանգրվանը Վարադարձն է։ Հայրենիքում ապրելու, զարգանալու և բարգավաճելու իրավունքից մեզ ոչ ոք չի կարող զրկել։ Այդ իրավունքի իրացումը, շատերիս համոզմամբ, միայն մեկ ճանապարհ ունի, սակայն այն միջազգային բեմերում արծարծելու և իրավատեր ներկայանալու ընթացքը ևս անհրաժեշտ է ու անժամանցելի։
Մենք հանգրվանել ենք մեր Հայրենիքում։ Հանգրվանել ենք այն հավատով ու համոզմամբ, որ ազատագրելու ենք հայրենիքի բռնազավթված հատվածը՝ Արցախը։ Սակայն մինչ այդ երանելի օրը պետք է հայ ժողովրդի տարագիր այս հատվածը ունենա արժանապատիվ ու սոցիալական տեսակետից ապահով կենցաղային պայմաններ, դա ևս մեր ուշադրության ու առօրյա աշխատանքի մաս է կազմում։
Եվ, վերջապես, մենք մենակ չենք լինելու մինչև այն պահը, որ վճռակամ ենք պայքարելու, ունենք բարեկամներ, ունենք հայրենակիցներ ու օտարներ, ովքեր պատրաստ են համամարդկային արժեքների ազատության ու արդարության համար պայքարել ու հայ ժողովրդի կողքին լինել։ Այսօր դուք ականատեսը կլինեք այդ բանակի զինվորներից մի քանիսի ողջույնի խոսքերին։
Իսկ ամենակարևորը՝ լինենք կազմակերպված։ Պետությունը հանրության կազմակերպման լավագույն ու կատարելագործված համակարգն է։ Արցախի պետական մարմինները, հատկապես ժողովրդավարական կարգով՝ ընտրությամբ ձևավորված համակարգը, անհրաժեշտ է կենսունակ պահել թե՛ ներքին կազմակերպվածությունն ապահովելու և թե՛ արտաքին ճակատում ներկայացուցչական մարմնի դեր ստանձնելու համար։
Երկարաշունչ պայքարի ուղի է մեզ սպասում։ Այդ ընթացքին ամեն ոք կարող է վայր ընկնել, կարող է ցավից մղկտալ, մի պահ տարտամել, կասկածել, բայց կարևորն այն է, որ նրա զինակիցն ու ընկերը թույլ չտա, որ անհատը մնա կես ճամփին, պետք է վերկանգնվել ու շարունակել ուղին։ Թև ու թիկունք դառնանք միմիյանց, երբեք չխոնարհվենք կեղծիքի ու ստի առջև, ազգային արժանապատվությունն ու իրավունքի համար արդար պայքարը թող լինի բոլորիս կայնքի իմաստն ու կենսունակության աղբյուրը։
Փառք ու պատիվ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին
Փառք ու պատիվ Արցախի Հանրապետության կերտման ճանապարհին իրենց արյունն ու քրտինքը չխնայած հայորդիներին
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը