կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 22:56
Արցախ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպել է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի հետ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպել է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի հետ

Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպել է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի հետ:

Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի և 2020թ-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ ԱՀ ԱԺ նախագահի հանդիպումների նպատակը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակումն է: 

Շնորհավորելով Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ողջունել է նոր կարգավիճակով Արթուր Թովմասյանի այցը ՀՅԴ գրասենյակ և հույս հայտնել, որ  բարձր մակարդակի համագործակցությունը շարունակական կլինի: Դավիթ Իշխանյանը կարևորել է հանդիպումների նախաձեռնությունը և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա անդրադառնալու առկա հիմնախնդիրներին:

Արթուր Թովմասյանն իր խոսքում նշել է, որ Արցախի դատը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է և այդ առումով ՀՅԴ-ի հետ որևէ տարաձայնություն չի կարող լինել: ԱՀ ԱԺ նորընտիր նախագահը տեղեկացրել է, որ մինչև «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադրումը, եղել է ՀՅԴ համակիրը և բոլոր համապետական ընտրություններին քվեարկել է ՀՅԴ օգտին:

«ՀՅԴ-ի հետ ունեցած հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա եմ դնելու, որովհետև շատ եմ կարևորում ՀՅԴ դերը հայապահպանության, Հայոց Ցեղասպանությանը հարցը օրակարգում պահելու առումով: Եվ իմ առաջարկած օրակարգն էլ չի տարբերվելու ՀՅԴ օրակարգից»,- նշել է Արթուր Թովմասյանը՝ ներկայացնելով ներքին համերաշխությանն ուղղված ԱՀ նախագահի մտադրությունը:

ԱՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Արցախի հիմնախնդրի լուծման օգտին ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ծավալած աշխատանքներին և հույս հայտնել, որ ՀՅԴ-ն կշարունակի Արցախի ճանաչմանն ու զարգացմանն ուղղված իր ծրագրերը: Արթուր Թովմասյանի խոսքով՝ ՀՅԴ-ն ահռելի փորձ ունի այդ առումով: Նրա կարծիքով, որպես կայացած կուսակցություն, ՀՅԴ-ի փորձը կարող է օրինակելի լինել Արցախում գործող մյուս կուսակցությունների համար:

Դավիթ Իշխանյանը պատահական չի համարել այն հանգամանքը, որ նորընտիր Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գլխավորում է ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը: Նա համոզմունք է հայտնել, որ դրանից կշահի երկիրը, խորհրդարանական դիվանագիտությունը: Դավիթ Իշխանյանը շեշտել է, որ Արցախը և ՀՅԴ բնական դաշնակիցներ են և բոլոր հաջողություններն ու անհաջողությունները նաև ՀՅԴ-ինն են:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը կարևորել է Սահմանադրական բարեփոխումների և կառավարման համակարգում խորհրդարանի դերի բարձրացման հարցը:

Արթուր Թովմասյանը հաստատել է այդ միտքը և ավելացրել, որ ինքը միշտ էլ կողմ է եղել երկրի կառավարման խորհրդարանական համակարգին: Նա հավաստիացրել է, որ որպես Ազգային Ժողովի նախագահ առաջիկայում ամեն ինչ անելու է պետական համակարգում որպես անկախ մարմին Ազգային Ժողովի դերի բարձրացման համար:

Տ. Աղաջանյան