կարևոր
6598 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-29 16:25
Հասարակություն

Թուրքին բերում է, որ կրակի ու ավերի, իսկ ինքը դառնա «վերակառուցո՞ղ». Ներքին Հանդի ու Կիրանցի ողբերգությունը

Թուրքին բերում է, որ կրակի ու ավերի, իսկ ինքը դառնա  «վերակառուցո՞ղ». Ներքին Հանդի ու Կիրանցի ողբերգությունը

Փաշինյանի կառարությունն այսօր որոշել է բյուջեից 202,150.0 հազ. դրամի չափով վերաբաշխում կատարել և Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման համար գումար հատկացնել։ Փաստացի դրանք Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասված տների տանիքներն են, որոնց ընդհանուր մակերեսը 6861,5 քառ․մ․ է։

Առաջին հայացքից կթվա Փաշինյանի իշխանությունը բարի կամք է դրսևորում և պետական միջոցների հաշվին տուժած բնակիչներին լավություն է անում․ այս ֆոնին, նույնիսկ չի բացառվում, որ Նիկոլի աղանդի հետևորդներն էլ աղաղակեն՝ «Փառք փրկիչին, փառք Նիկոլին», բայց ամեն ինչ ուրախ կլիներ, եթե իրականությունն այսքան դժբախտ և դժգույն չլիներ։

Ստացվում է, որ թշնամուն նույն Ներքին Հանդի տարածք մոտեցրած, սեփական ժողովրդի կյանքը վտանգած, նրանց ապրուստը թուրքի բաժին դարձրած ժողվարչապետը որոշել է մեր՝ հարկատուներիս հաշվին փոխհատուցել իր իսկ մեղքով թուրքի տված վնասները։ 

Եվ ոչ միայն․․․ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում նոր «Մոդուլային» տիպի դպրոցական շենքի ավարտական աշխատանքների համար լրացուցիչ միջոցներ հատկացնել։ Գնման պայմանագրի գինը կավելանա մոտ 19,860.9 հազար դրամով և, արդյունքում, պայմանագրի գնի ընդհանուր ավելացումը կկազմի 108,727.4 հազար դրամ կամ պայմանագրի գնի 17.77%-ը։ Նշենք, որ կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 737,144.3 հազար դրամ։ 

Նշենք, որ այս այս նոր՝ «Մոդուլային» տիպի դպրոցական շենքը գտնվում է սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա․ Yerkir.am-ի հետ զրուցում Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը, ի պատասխան մեր հարցին, ևս մտահոգություն հայտնեց անվտանգության հետ կապված․

 -Պարոն Շահինյան, ի՞նչ երաշխիք, որ սեպտեմբերի 2-ին Կիրանցի երեխաներն անվտանգ կգնան դպրոց։

 -Հիմա դուք էլ երաշխիք չունեք, որ անվտանգ եք, համենայն դեպս գիտեք, որ Կիրանցը սահմանային գյուղ է, և էական չէ, 50 մետր է հեռու, թե՝ հարյուր, այսինքն չես կարող 50 կամ 100 մետր հեռավորությամբ անվտանգություն երաշխավորել։

-Վարչապետն ասում էր՝ ծառեր տնկենք, ապահով կլինի, այդ ծառերը անվտանգության երաշխիք չե՞ն։

-Չգիտեմ ինչ է ասել վարչապետը , ինչո՞ւ է ասել ծառեր տնկենք, համենայն դեպս էս պահին 3 մետր բարձության, մեկ մետր լայնության պատ է արված, ծառերն էլ կարելի է տնկել ոչ միայն դպրոցի համար, այլ գյուղի ամբողջ տարածքում, որ գոնե չերևա մարդու շարժը։  Էնպես չէ, որ եթե պատերազմը սկսվեց, կամ ծառն է պահելու, կամ՝ պատը, ոչ մի բանն էլ չի պահելու։

-Լուրեր էին պտտվում, որ աշակերտների ծնողների մի մասը դպրոցի ավտանգության առումով մտահոգություններ ունեն, արդարացվա՞ծ է ծողների մտավախությունը։

-Ո՞նց արդարացված չէ, ո՞նց կարա արդարացված չլինել , իհարկե արդարացված է․ այսօր Կիրանցում ապրելը մտահոգիչ է, բայց նաև իմացեք՝ կիրացիները հերոս են և մեր սահմանի  դարպասների վրա ամուր կանգնած ենք, բայց չգիտեմ հետոն ինչ կլինի։


Եթե նկատի առնենք մեր զրուցակցի՝ Կիրանց գյուղապետի անորոշությունն ու մտահոգությունը, կարելի է ասել, չի բացառվում, որ թուրքը, ինչպես Ներքին Հանդի դեպքում, Կիրանցում ևս վնասներ պատճառի, որոնք հետո, Փաշինյանի կառավարությունը որոշի փոխհատուցել մեր՝ հարկատուներիս հաշվին, մանավանդ, որ Փաշինյանի հակապետական քաղաքականության հետևանքով Կիրացում ևս ավելացել են անվանգային ռիսկերը, իսկ անվտանգային երաշխիքների մասին Փաշինյանի պատկերացումները, ինչպես տեսանք, սահմանափակվում են ընդամենը ծառեր, սյուներ տնկելով․․․

Նաև նշենք, որ Կիրանցում այս տարի առաջին դասարան է հաճախելու 5 երեխա։ Նախորդ տարի դպրոցն ավարտել է 8 աշակերտ։ Կամո Շահինյանը նշեց, որ 70-ականներին կառուցված հին դպրոցի շենքը 4-րդ կարգի վթարային է։ Ընթացքում կոսմետիկ նորոգվել է, բայց, միևնույն է, վթարային ռիսկերը չեն վերացվել։ Մասնագետները եկել, ուսումնասիրել ու գնահատել են, որ հին շենքը պիտանի չէ շահագործման,  ուստի որոշել են հիմնահատակ քանդել՝ զուգահեռ կառուցելով նոր մոդուլային դպրոցը, որն այս օրերին իր դռներն է բացելու Կիրանցի աշակերտների առջև,  և, ինչպես տեսանք, թշնամու ուղիղ նշանառության տակ է։

Հերմինե Զեյնալյան