Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոսքը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Իմ ուրախությունն ու պատիվն է ձեզ շնորհավորական ուղերձ հղել Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:
Քանի որ մեծ արտոնություն եմ ունեցել այցելելու ձեզ շատ անգամներ պատերազմի մութ օրերին, երբ դուք պաշտպանում էիք ձեր պատմական երկիրը Ադրբեջանի՝ էթնիկ զտումներ իրականացնելու փորձից, ես ականատեսն եմ եղել ձեր կրած որոշ տառապանքների, այդ թվում ՝ 400 «Գրադ» հրթիռների՝ Շուշիից Ստեփանակերտի վրա արձակմանը, Մարաղայի ջարդին և կասետային ռումբերով ծվեն-ծվեն եղած երեխաների տառապանքին:
Ձեր Անկախությունը ձեռք է բերվել ձեր ամբողջ ժողովրդի սխրանքի շնորհիվ՝ առաջնագծում ադրբեջանական զանգվածային ուժերի դեմ կանգնած զինվորների, կանանց ու երեխաների խիզախության շնորհիվ, որոնք ստիպված պատսպարվել են նկուղներում, բայցև շարունակել իրենց առօրյա կյանքն օդային ռմբակոծությունների ներքո:
Ես միշտ ասում եմ, որ աշխարհը երախտագիտության մեծ պարտք ունի Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատի ու ազատության առաջնագիծը:
Այս ամենից հետո դուք վերակառուցում եք Արցախը՝ գեղեցիկ ճարտարապետությամբ, և, ինչպես միշտ եմ ասում՝ լրացնելով Հայաստանի ոգին,ստեղծում եք գեղեցկություն ավերի մոխիրներից:
Թող Աստված այսօր և մշտապես առատ օրհնություններ ուղարկի Արցախի ժողովրդին:
Իմ խորին հիացմունքով, գնահատանքով և սիրով՝
Քերոլայն (բարոնուհի) Քոքս»: