կարևոր
3211 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-20 09:34
Հասարակություն

Ինչ ունեցվածք ունի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը. «Ժողովուրդ»

Ինչ ունեցվածք ունի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ներկայումս Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պաշտոնին նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ից, սակայն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից։ Արմեն Կոտոլյանը մինչև 2011 թվականը եղել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում` որպես առաջատար ինժեներ, այնուհետև՝ 2011-ից մինչև 2014 թվականները, եղել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի` անալիզի մոնիթորինգի բաժնի ծրագրային ադմինիստրատոր, դրանից հետո՝ 2014-2016 թվականներին, զբաղեցրել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «1Ս» ծրագրի ներդրման սպասարկման բաժնի պետի պաշտոնը:

Կոտոլյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 23-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է երկու հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, դրանք ձեռք են բերվել նույն օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին՝ գնման եղանակով: Երկու հողամասերն էլ տարվա վերջում պահպանվել են:

Նա տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Հաշվետու տարվա սկզբում Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է երկու հանձնված-վերադարձված փոխառություններ, որոնցից մեկը տարվա սկզբում եղել է 9 մլն 720 հազար դրամ, իսկ մյուսը՝ 3 մլն 770 հազար դրամ, տարվա ընթացքում հանձնված մեկ փոխառությունը զրոյացվել է, իսկ մյուսը դարձել է 17 մլն 808 հազար դրամ:

Հանձնված-վերադարձված փոխառությունները եղել են Արմեն Կոտոլյանի և «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ի միջև: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը 2005 թվականին ստացել է ժառանգություն՝ ժամացույց, որի արժեքը գերազանցում է 4 մլն դրամը:

Նրա բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել է 1 մլն 826 հազար դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 3 մլն 601 հազար դրամ: Ըստ հայտարարագրի՝ նրա կանխիկ գումարը տարվա սկզբում եղել է 5 մլն դրամ, ինչը տարվա վերջին ավելացել է՝ դառնալով 6 մլն դրամ, իսկ մյուսը տարվա սկզբում եղել է 0 դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 2.000 դոլար:

Արմեն Կոտոլյանի` հաշվետու տարվա եկամուտը կազմել է 34 մլն 990 հազար դրամ, որից 14 մլն 924 հազար դրամը աշխատանքի վարձատրության գումարն է վարչապետի աշխատակազմից՝ նախորդ հաշվետու տարվա՝ 2022 թվականի 13 մլն 661 հազար դրամի փոխարեն:

17 մլն 808 հազար դրամը ստացված փոխառություններն են (վարկեր) «Ինեկոբանկից»: 443 հազար դրամը փոխանցում է Երանի քաղաքապետարանի կողմից, 1 մլն 787 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ 29 հազար դրամը` կրկին «Ինեկոբանկից»:

Կոտոլյանի` նախորդ տարվա հայտարարագրից պարզ է դառնում, որ վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձը 2023 թվականի համեմատ աճել է, քանի որ նախորդ տարի նրա աշխատավարձը 13 մլն 661 հազար դրամ էր:

Նրա վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 178 հազար դրամ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կոտոլյանի հետ համատեղ բնակվող Ռուզաննա Կոտոլյանը նախորդ տարի հայտարարագրել է 1 հողամաս, 1՝ հողին ամրակցված անշարժ գույք, որոնք համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2021 թվականին, և 1՝ միանձնյա սեփականությամբ ձեռք բերված բնակարան։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 297 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3 մլն 550 հազար դրամ, որից 2 մլն 550 հազարը աշխատանքի վարձատրություն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից (որտեղ Արմեն Կոտոլյանը նախկինում աշխատել է որպես առաջատար ինժեներ), իսկ 178 հազար դրամը Ռուսաստանից ստացված կենսաթոշակային ֆոնդն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։