կարևոր
4825 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-16 00:13
Հասարակություն

Ընդհանուր պատմությունը վերաշարադրելու փորձ է. ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է հայկական դասագիրքը

Ընդհանուր պատմությունը վերաշարադրելու փորձ է. ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է հայկական դասագիրքը

Ռուսաստանի Դաշնությունում հուսով են` Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Այս հայտարարությունը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։

Ռուսաստանի ԱԳՆ-ում սադրիչ են որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա` նման դասագրքը մտնի դպրոց, ինչպես նաև այսուհետ մատների արանքով չեն նայի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նմանօրինակ փորձերին»,– ասված է հայտարարությունում։

Նախարարությունում կարծում են, որ լուրջ աղբյուրներում, այդ թվում՝ հայկական, կարելի է բոլորովին այլ մոտեցումներ գտնել 1828 թ. խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս Հայաստանի պատմության դասագրքերում գնահատվում էր որպես «հայկական պետականության հետագա վերականգնման համար վիթխարի նշանակություն ունեցող փաստաթուղթ»։

ՌԴ ԱԳՆ–ում ընդգծել են, որ խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական ամոթալի փորձի մասին է:

«Արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրինգի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է` կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակելու պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ», – ասված է հայտարարությունում։

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Sputnik Արմենիան թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմել էր պատմաբան, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա