Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը, գրում է «Sputnik Արմենիա»-ն։
Արձանագրությունը ստորագրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:
Երևանի «Զվարթնոց» օդային անցակետում հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը:
Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ հիշեցրեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ-անցակետում գրեթե 60 տարի հերթապահություն են իրականացրել սկզբում խորհրդային, ապա ռուս և հայ սահմանապահները:
«Ձեր՝ ոչ միշտ նկատելի, բայց շատ անհրաժեշտ աշխատանքը զգալի ներդրում է ունեցել և ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։ Վստահաբար կարելի է ասել, որ սահմանը, ձեր շնորհիվ, կողպված է»,- ասաց նա։
Սելեզնյովը նշեց, որ ՌԴ սահմանապահներն այս բոլոր տարիներին արժանապատվորեն ներկայացրել են Ռուսաստանն ու սահմանապահ ծառայությունը։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերների հետ ձեր համատեղ ծառայության ընթացքում նրանց փոխանցել եք անգնահատելի փորձ, գիտելիք և հմտություն, հուսալի հիմք եք դրել անցակետի` բարձր մակարդակով հետագա գործունեության համար»,- ընդգծեց նա։
Դիվանագետը շնորհակալություն հայտնեց սահմանապահներին անթերի աշխատանքի համար և հայտարարեց, որ Ռուսաստանն իրավամբ հպարտանում է նրանցով:
Հայկական և ռուսական կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել «Զվարթնոց» օդային անցակետում պետական սահմանի կարգավիճակի վերաբերյալ։ Դրա բնույթը հիմք է տալիս ենթադրելու, որ առկա են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությանը սպառնացող վտանգներ:
Ամփոփվել են նաև պետական սահմանի ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծման ուղղությամբ 1992 թվականից առ այսօր իրականացված աշխատանքները:
Հավելենք, որ ՌԴ սահմանապահները «Զվարթնոցում» տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման:
Հայկական կողմը նշել է, որ ՌԴ գործընկերներն անգնահատելի օգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ ՌԴ և ՀՀ ուսումնական կառույցներում հայկական կադրերի և մասնագետների պատրաստման գործում:
«Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային վերահսկողության ապահովման ուղղությամբ համատեղ շարունակական ծառայության համար և արձանագրում, որ ռուսական կողմի նկատմամբ հավակնություններ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը պաշտոնապես դադարեցնում է «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ դիմումն է՝ «Զվարթնոց» օդային անցակետի սահմանային հսկողությունը 2024թ․ օգոստոսի 1-ից ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողությանն անցնելու մասին։