կարևոր
2593 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-25 11:03
Հասարակություն

Բժշկական կազմակերպություններում կկանոնակարգվի տեսալուսանկարահանումը. նախագիծ․ «Փաստ»

Բժշկական կազմակերպություններում կկանոնակարգվի տեսալուսանկարահանումը. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման կարգը հաստատելու մասին» նախագիծը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում օգտագործվում են տեսալուսանկարահանող սարքեր, սակայն դրանց օգտագործումը որևէ կերպ կանոնակարգված չէր։ Այդ սարքերի տեղադրումը օրենքով արգելված չէ, սակայն դրա կիրառումը որոշակի դեպքերում առաջացնում է մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրներ։

Պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման և մարդու իրավունքներին միջամտության դեպքում օրենքով նվազագույն երաշխիքներ ամրագրելու նպատակով օրենքում ավելացել է հոդված, որով ամրագրվել են բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կանոնակարգող դրույթներ (ուժի մեջ է 2024 թ.-ի հունվարի 1-ից): Նախագծով հստակ սահմանվել են դրույթներ, որոնց համաձայն տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված բժշկական գաղտնիք համարվող տվյալների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով, իսկ այլ անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով և դրանից բխող իրավական ակտերով:

Նախագծով նախատեսվել է նաև, որ բժշկական կազմակերպությունները պարտավոր են այս կարգով սահմանված պահանջների պահպանմամբ իրենց մոտ ներդնել տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման քաղաքականություն, ինչը ենթադրում է մանրամասն ընթացակարգերի հաստատում, որոնք պետք է սահմանեն տեսագրությունների հասանելիության մակարդակները, տեսագրությունների օգտագործման, պահպանման և ոչնչացման կանոնները, տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության մշտադիտարկման իրականացման գործընթացը, տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման ժամանակ հայտնաբերված խախտումներին կամ չարաշահումներին արձագանքելու վերաբերյալ դրույթներ, բժշկական կազմակերպության աշխատողներից, պացիենտներից և այցելուներից տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ արձագանքները հավաքագրելու գործընթացը:

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքը ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսագրությունների հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ: