Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168․am-ը գրում է․ Մասնավոր փոխանցումների միջոցով Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել։ Այս տարի գրեթե 16 տոկոսով ավելի քիչ գումար է եկել։
Կենտրոնական բանկի տվյալներով, բանկային համակարգով անցած տարվա առաջին հինգ ամիսներին եկել էր 2 մլրդ 480 մլն դոլար, այս տարի եկել է 2 մլրդ 88 մլն դոլար։
Կապիտալի մուտքը Հայաստան այս խողովակով կրճատվել է 392 մլն դոլարով։
Կրճատվել են՝ ինչպես առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային նպատակով եկող գումարները։
Առևտրային հոսքերը կազմել են 1 մլրդ 695 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից պակաս է 205 մլն դոլարով։
Անցած տարի բանկային համակարգով փոխանցված առևտրային հոսքերը կազմել էին 1,9 մլրդ դոլար։
Նվազել են գրեթե 10,8 տոկոսով։
Նվազումը շատ ավելի մեծ է եղել ոչ առևտրային ֆինանսական մուտքերի պարագայում։ Դրանց կրճատումը գերազանցում է 32 տոկոսը։ Անցած տարի շուրջ 580 մլն դոլար էին, այս տարի ընդամենը 393 միլիոնի սահմաններում են։
Գրեթե 187 միլիոնով պակաս։
Հիշեցնենք, որ սրանք քաղաքացիների կողմից ուղարկվող գումարներն են, որոնք ունեն գերազանցապես սոցիալական նշանակություն։ Դրանց հաշվին մարդիկ լուծում են իրենց կենցաղային խնդիրները։ Այդ գումարներն են, որոնք անհամեմատ ավելի մեծ տեմպերով են կրճատվել։
Մասնավոր ֆինանսական հոսքերի նվազումը տեղի է ունեցել հիմնականում Ռուսաստանից եկող գումարների կրճատման հաշվին։ Տարվա առաջին հինգ ամիսներին Ռուսաստանից գրեթե 464 մլն դոլարով ավելի քիչ ֆինանսական միջոցներ են փոխանցվել Հայաստան։ Եթե անցած տարի դրանք կազմել էին գրեթե 1 մլրդ 833 մլն դոլար, այս տարի կազմել են 1 մլրդ 369 մլն դոլար։
Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները նվազել են առնվազն 25 տոկոսով։
Ոչ առևտրային հոսքերն ավելի շատ. նվազումն անցնում է կրկնակից։
Անցած տարվա 356 միլիոնից դարձել են շուրջ 162 միլիոն՝ 194 միլիոնով պակաս։
Թե ինչո՞վ է պայմանավորվել բանկային համակարգով իրականացվող ոչ առևտրային փոխանցումների այսպիսի կտրուկ կրճատումը, կարող են լինել տարբեր պատճառներ։ Բայց պետք է ենթադրել, որ պատճառներից մեկն էլ, թերևս, այն քաղաքականությունն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից տրանսֆերտների նկատմամբ։
Ինչպես հայտնի է, եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակներում կառավարությունը պատրաստվում է հարկել դրսից ուղարկվող գումարները։ Ճիշտ է, անցած տարի իրականացված փորձը ձախողվեց՝ բախվելով քաղաքացիների համատարած դժգոհությունների ու դիմադրության հետ, բայց դա չի նշանակում, թե իշխանությունները հրաժարվել են այդ մտքից։
Եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակներում տրանսֆերտների հարկումը մնում է օրակարգում։
Ըստ էության, դա էլ ստիպել է հատկապես արտագնա աշխատանքի մեկնողներին՝ զգուշավորություն ցուցաբերել և խուսափել բանկային համակարգով գումարներ փոխանցելու պրակտիկայից։ Չի բացառվում, որ այդ գումարների մի մասը, ինչպես նախկինում էր, կրկին անցել է կանխիկի դաշտ։ Այդ ճանապարհով մուտքերը ոչ մի տեղ չեն երևում, թեև դրանց ծավալները բավական մեծ են ոչ առևտրային փոխանցումների մեջ։
Ֆինանսական հոսքերի նվազման հետևանքով, էապես պակասել են մասնավոր փոխանցումներից ներսում մնացող գումարները։ Նախորդ տարի դրանք գերազանցել էին 767 մլն դոլարը, այս տարի եղել են 449 միլիոնի շրջանակներում։
Գրեթե 318 միլիոնի նվազում կա, որից 196 միլիոնը մաքուր տրանսֆերտների բաժինն է։
Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե դրսից Հայաստան եկող այս գումարները բացառապես դոլարով են։ Իրականում, սակայն, այդպես չէ։
Դրանց մեծ մասը ռուսական ռուբլով են. ստացված 2 մլրդ 88 մլն դոլարից՝ 1 մլրդ 268 միլիոնը, ինչը կազմում է ընդհանուր հոսքերի 60-61 տոկոսը։
Ռուսաստանից Հայաստան եկող գումարներն առավելապես ռուբլով են։
Դոլարային հոսքը շատ փոքր է՝ 1 մլրդ 369 միլիոնից՝ ընդամենը 101 միլիոնը, որը կազմում է ընդհանուրի հազիվ 7 տոկոսը։ Մնացածը ռուբլով հոսքերն են։
Զուտ դոլարային մուտքերը, նաև Ռուսաստանից ստացվող, 512 միլիոնի կարգի են։ Դրանք 31 տոկոսով կրճատվել են։
Դոլարային մուտքերն ընդհանուր տրանսֆերտների անգամ 25 տոկոսին չեն հասնում։
Եվրոյի պարագայում նույնիսկ ավելի քիչ են՝ շուրջ 253 միլիոն կամ ընդամենը 12 տոկոսը։
Ռուբլուց, դոլարից ու եվրոյից բացի, այլ արժույթներով ևս որոշակի գումարներ են գալիս Հայաստան։ Բայց դրանց կշիռն ընդհանուրի մեջ մեծ չէ։
Ռուբլին, որը մտնում է Հայաստան, հիմնականում մնում է, փոխարենը՝ դուրս է գալիս դոլար, եվրո, նաև՝ այլ տարադրամ։ Ռուբլով արտահայտված 1 մլրդ 268 մլն դոլար ներհոսքի դիմաց մասնավոր փոխանցումների միջոցով Հայաստանից դուրս է եկել ընդամենը 212 միլիոնը։
Ավելի քան 1 մլրդ 56 միլիոնը մնացել է ներսում։
Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի ինչի՞ն է պետք այդ քանակությամբ ռուբլին։ Բայց պետք է հիշել, որ վերջին տարիներին Ռուսաստանի հետ արտաքին առևտուրը, այդ թվում՝ նաև ներմուծվող էներգակիրների դիմաց վճարումներն իրականացվում են հիմնականում ազգային արժույթով։
Մյուս արժույթների պարագայում հակառակն է. ավելի քիչ դոլար է մտել, քան դուրս եկել։ Նույնը նաև եվրոյի պարագայում է։
Մասնավորապես՝ 512 միլիոն դոլարային մուտքեր են եղել, դուրս է եկել 797 միլիոն։ Եվրոյով՝ 253 միլիոն մուտքերի դիմաց, ելքերը հասնում են 433 միլիոնի։
Ստացվում է, որ մասնավոր փոխանցումների միջոցով ավելի շատ դոլար ու եվրո է դուրս եկել Հայաստանից, քան մտել է, բայց այդ արժույթները շարունակել են արժեզրկվել։ Թեև ազդեցությունը բացասական է եղել։
Կտրուկ ավելացել են այլ արժույթներով Հայաստանից գնացած գումարները։ Եթե նախորդ տարի դրանք կազմել էին 138 միլիոն, այս տարի հասել են 185 միլիոնի։ Թե ի՞նչ արժույթով են եղել այդ գումարները, Կենտրոնական բանկը չի մանրամասնում։