կարևոր
2869 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-11 14:26
Քաղաքական

ԵՄ-ն Հայաստանին օգտագործելու է իր շահերի համար, մեզ ԵՄ-ում չեն սպասում․ Ավետ Ադոնց

«Եվրոպական ուղղությունում, ավելի քան վստահ եմ, խոսել եմ իմ նախկին գործընկերների հետ, ընկերների հետ, որոնք դեռ աշխատում են ԵՄ տարբեր կառույցներում, մեզ անդամակցության առումով չեն սպասում»,- Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, դիվանագետ Ավետ Ադոնցը։

Նա նշեց, իհարկե, ողջունում են, որ  Հայաստանը ԵՄ անդամակցության հեռանկարը դարձավ ՀՀ քաղաքական օրակարգի շատ կարևոր կետ։

Ավետ Ադոնցի խոսքով՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական, ազատությունների, մարդու իրավունքների առումով Հայաստանը որևէ կերպ պատրաստ չէ նույնիսկ հնչեցնելու ԵՄ-ին  անդամակցելու ամբիցիան։

«Եվրամիությունը Հայաստանի  այսօրվա իշխանության այդ ամբիցիան մաքսիմալ օգտագործելու է իր շահերն առաջ տանելու համար, մասնավորապես աշխարհաքաղաքական շահերը, հակառուսական, հակաիրանական այն օրակարգը, որն այսօր իրականացվում է»,- ասաց Ավետ Ադոնցը։