կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-08 18:34
Առանց Կատեգորիա

Ռուսաստանը Թուրքիայի դեմ օգտագործելու է Հայաստանին

Ռուսաստանը Թուրքիայի դեմ օգտագործելու է Հայաստանին

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալու է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը, որը ղեկավարելու է  ՀՀ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը,  ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի՝ ռազմական կոմիտեի նիստի օրակարգում դրված է երեք հարց: Առաջին՝ կազմակերպության Կոլեկտիվ ուժերի կատարելագործմանն ու ամրապնդմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները, երկրորդ՝  ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հարցը, երրորդ՝ Սիրիայում ՌԴ գործողությունները և ձեռնարկվող միջոցները ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչի նկատմամբ Թուրքիայի թշնամական գործողությունների կապակցությամբ:

Թեև Մոսկվայում կայանալիք այդ նիստը լինելու է թվով յոթերորդը, սակայն այն կազմակերպվում է աշխարհաքաղաքական չափազանց լուրջ իրավիճակում՝ ընդգծելով, որ պլանային կամ հերթապահ միջոցառում չի լինելու:

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Ռուսաստանի նախաձեռնությամբ, քննարկելու է Իրաքում և Սիրիայում Թուրքիայի գործողությունների հարցը: Ըստ ամենայնի՝ Մոսկվան, ինչպես խոստացել էր, փորձելու է ապացույցներ ներկայացնել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի կապերի և նավթային ապօրինի գործարքներ իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև պահանջելու է հստակ դիրքորոշում արտահայտել, առանց պաշտոնական Բաղդադի համաձայնությունը ստանալու, Իրաքի տարածք ռազմական տեխնիկա և կոնտինգենտ մտցնելու` Անկարայի որոշման վերաբերյալ: Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին Անկարային վերջնաժամկետ էր ներկայացրել՝ ռազմական կոնտինգենտն իր տարածքից հանելու համար՝ պահանջը չկատարելու դեպքում սպառնալով ոչ միայն տնտեսական սանկցիաներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, այլև դիմել Ռուսաստանի ռազմական օգնությանը: Մոսկվան, օգտագործելով Իրաքի վերաբերմունքը, ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով փորձելու է Թուրքիային վերջնականապես դիվանագիտական մեկուսացման ենթարկել, զրկել նրան ՆԱՏՕ-ի անդամ երկրների միանշանակ աջակցությունից և  այդ պայմաններում  Թուրքիային անհրաժեշտության դեպքում ռազմական հարված հասնելու իրատեսականության էֆեկտ ստեղծել:

Հատկանշական է, որ թե\' ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից և թե\' ՀԱՊԿ-ի ռազմական կոլեգիայի` վաղը կայանալիք նիստից առաջ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան համալրեց հարվածային Մի24-Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ յոթ ուղղաթիռներով, որը, ներկայացվեց որպես Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման գործընթաց, ինչի ֆոնին էլ հրավիրվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը:

Դժվար է ասել՝ դրա արդյունքում կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ, հայտարարություն, թե՞ ոչ: Սակայն որևէ կասկած չկա, որ այն հրավիրվում է ոչ միայն Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունների, այլև հատկապես Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ ՀԱՊԿ-ի միասնական դիրքորոշումը ձևակերպելու համար: Միայն այն հանգամանքը, որ օրակարգի հարցերից մեկում արդեն ռուսական ռմբակոծիչը կործանելու` թուրքական զինուժի գործողությունը որակվում է որպես «թշնամական» ակտ, փաստացի ապահովում է ՀԱՊԿ-ի այդ միասնական դիրքորոշման արտահայտումը: Դրանով ՀԱՊԿ-ն փաստացի վերածվում է ռուս-թուրքական հակամարտության լիարժեք կողմի, և հակամարտությունը միջպետականից տեղափոխում միջդաշինքային՝ ՆԱՏՕ-ՀԱՊԿ մակարդակ:

Սա չի նշանակում, թե կոնֆլիկտը տարածաշրջանայինից վերածվում է գլոբալի և ստեղծում համաշխարհային նոր պատերազմի մոտալուտ սպառնալիք: Ըստ ամենայնի՝ Ռուսաստանը փորձում է առայժմ ցույց տալ, որ պատրաստ է նույնիսկ ՀԱՊԿ-ին մտցնել գործողության մեջ՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին իր անդամակցությունն իբրև Ռուսաստանի նկատմամբ սպառնալիք կիրառելու` Անկարայի ներկայիս մարտավարության:  Բայց, անկախ այդ հանգամանքից, ՀԱՊԿ-ին հակամարտության դաշտ ներքաշելը, ի տարբերություն կազմակերպության մյուս անդամ երկրների, ուղղակիորեն իրականացվելու է հենց Հայաստանի միջոցով. նախ`  որովհետև ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրը, որը Թուրքիայի քթի տակ Ռուսաստանի համար ռազմական հենակետ է ապահովում, հենց Հայաստանն է՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի և Էրեբունու օդանավակայանի միջոցով, և երկրորդ՝ Մոսկվայում ՀԱՊԿ ռազմական կոմիտեի «հակաթուրքական» նիստը հրավիրվում է Հայաստանի փաստացի նախագահությամբ: Սա նշանակում է, որ, հակառակ իր կամքին, Հայաստանը Ռուսաստանի կողմից արդեն իսկ ներքաշվում է ռազմաքաղաքական առճակատման մեջ, որից փախչելու տարբերակ չունի:

Այս իրավիճակում  հարց է առաջանում, թե Երևանն ի՞նչ է անելու իր համար ճակատագրական այս պրոցեսի մաս դառնալուց խուսափելու, իսս դրա անհնարինության դեպքում՝ որոշակի դիվիդենդներ քաղելու ուղղությամբ:

ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը հրավիրվում է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ճակատում աստիճանաբար լայնածավալ ռազմական գործողությունների անցնելու` ներկայիս պայմաններում: Այն հանգամանքը, որ ռազմական կոմիտեի նիստի հարցերից մեկը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հարցն է, Հայաստանին լիարժեք հնարավորություն է տալիս Ադրբեջանի այդ սանձարձակությունների նկատմամբ ՀԱՊԿ-ից հստակ գնահատականներ պահանջելու: Եթե Ռուսաստանը ՀԱՊԿ-ին կարող է օգտագործել ընդամենը Թուրքիայի հետ դեռևս դիվանագիտական առճակատման մեջ գտնվելու պայմաններում, ապա Հայաստանը թե\' քաղաքական և թե\' բարոյական բոլոր իրավունքներն ունի նույնն անելու Ադրբեջանի հետ  սաստկացող ռազմական գործողությունների մեջ լինելու պարագայում: Երեք ամիս առաջ Հայաստանում անցկացված ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն 2015» զորավարժությունների ավարտին նույն Յուրի Խաչատուրով բացահայտ իր դժգոհությունն ու հիասթափությունն արտահայտեց Ադրբեջանի վարքագծի նկատմամբ ՀԱՊԿ-ի կողմից  ընդհանրապես գնահատական չհնչեցնելու կապակցությամբ: ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը նախագահելու հանգամանքը հիմա հնարավորություն է ստեղծում հրաժարվելու այդ կազմակերպության շրջանակում որդեգրված անատամ, անդեմ և անողնաշար ուղեգծից և վերջապես լինելու ավելի կոշտ ու պահանջատեր: Ի վերջո, Թուրքիայի դեմ Ռուսաստանի ռազմաքաղաքական արշավի մասնակիցը դառնալու դիմաց Հայաստանը չափազանց մեծ գին է վճարելու և որևէ իմաստ չկա հլու-հնազանդ գլուխը դնել ռուս-թուրքական «կառափնարանին»:

Գևորգ Աղաբաբյան