Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168․am-ը գրում է․ Մինչ տարբեր պատճառաբանություններով կառավարությունը մեծացնում է հարկային ճնշումը փոքր բիզնեսի վրա՝ բյուջեի ֆինանսական խնդիրները լուծելու ակնկալիքով, միկրոբիզնեսը Հայաստանում գնալով մեռնում է։
Վերջին տարիներին միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածների քանակը ոչ միայն դադարել է ավելանալ, այլև մեծ արագությամբ կրճատվում է։ Երկու տարվա ընթացքում հազարավոր աշխատատեղեր են փակվել։
Աշխատողների թվաքանակի վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա էկոնոմիկայի նախարարության օրերս արված հրապարակումից տեղականում ենք, որ այս տարվա մայիսին միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղված է եղել 29 հազարից մի փոքր ավելի մարդ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղված էր գրեթե 32,5 հազարը։
Մեկ տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածների քանակը կրճատվել է շուրջ 3,5 հազարով կամ ավելի քան 10 տոկոսով։
Բայց միայն դրանով չի սահմանափակվել զբաղվածների կրճատումը։
Նախորդ տարին նույնպես հաջող չէր միկրոձեռնարկատիրության համար։ 2023թ. էլ զբաղվածների քանակը գրեթե նույն չափով կրճատվել էր։
Ընդամենը երկու տարվա ընթացքում միկրոձեռնարկատրության ոլորտում շուրջ 7 հազարով զբաղվածները պակասել են։
Թեև էկոնոմիկայի նախարարության հրապարակման մեջ տարօրինակ ձևով շատ ավելի փոքր ցուցանիշ են արձանագրել։
Նախորդ տարվա 32496 զբաղվածներից հանել են այս տարվա 29027 զբաղվածներին և ստացել 3166։ Այն պարագայում, որ այս թվերի տարբերությունը 3469 է։
Նույնը նաև 2023թ. ցուցանիշի դեպքում են արել. Գրեթե հազարով փոքրացրել են տարբերությունը։
Միտումնավո՞ր են արել, թե՞ թյուրիմացաբար, դժվար է ասել։ Բայց դրա հետևանքով զբաղվածների քանակի կրճատումը զգալիորեն մեղմել են։
Էկոնոմիկայի նախարարության թվաբանությամբ՝ վերջին երկու տարում միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածների քանակը կրճատվել է 5710-ով։
Այն դեպքում, երբ իրենց իսկ ներկայացրած տարեկան ցուցանիշներով՝ կրճատվել է 6945-ով։
Պարզ թվաբանության արդյունքում, 1235-ով պակասեցրել են կրճատվածների քանակը։
Երկու տարվա ընթացում միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածությունն ավելի քան 19 տոկոսով նվազել է։ Դրա վրա ուղղակի ազդեցություն է ունեցել հարկային այն քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը։ Ժամանակին միկրոբիզնեսին գրեթե զրոյական հարկային բեռ էին խոստանում, համատարած արտոնյալ պայմաններ։ Սակայն, ինչպես բազմաթիվ դեպքերում, այստեղ էլ խաբեցին։
Աստիճանաբար վերացնում են միկրոբիզնեսին տրված արտոնյալ պայմանները, ավելացնում են հարկային բեռը, ինչն էլ նման անցանկալի հետևանքների է բերում։
Հանեցին եկամտային հարկի արտոնությունը և միկրոբիզնեսի հարկումը ևս դրեցին ընդհանուր հարկման տակ։ Նախկին հաստատուն 5 հազար դրամի փոխարեն՝ հիմա միկրոձեռնարկատիրության ոլորտում գործողներն աշխատավարձից վճարում են 20 տոկոս եկամտային հարկ։
Միայն այս փոփոխության արդունքում եկամտային հարկի բեռը գրեթե 4 անգամով ծանրացավ։
Եթե նախկինում 5 հազար էին վճարում, հիմա՝ առնվազն 20 հազար դրամ։
Եկամտային հարկի բեռը կտրուկ բարձրացրին, այն պարագայում, երբ միկրոձեռնարկատիրությունը նույնիսկ դժվար է բիզնես անվանել։ Այն հազիվ սոցիալական խնդիր է լուծում, եթե նույնիսկ կարողանում է լուծել։
Ոլորտում աշխատավարձերը շատ ցածր են։ Վերջին տարիներին նույնիսկ նվազել են։
Պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձը միկրոձեռնարկատիրության դաշտում կազմում է ընդամենը 72 հազար դրամ։
Վերջին մեկ տարում այն նվազել է գրեթե 13,5 հազարով։
Երկու տարվա կտրվածքով, նվազումն ավելի շատ է, անցնում է 15,5 հազար դրամից։
Ահա, թե ինչպես է կառավարությունը զարգացնում միկրոբիզնեսը, ինչպես է կատարում տված խոստումները։
Եվ սա միայն միկրոձեռնարկատիրությանը չի վերաբերում։ Շուտով նույնը տեղի է ունենալու նաև փոքր ու միջին բիզնեսի պարագայում։ Չհիմնավորված պատճառաբանություններով, կառավարությունը գնաց շրջանառության հարկի կտրուկ ծանրացման։ Կրկնակի բարձրացրեց ոլորտում գործող ընկերությունների հարկային բեռը՝ սպառնալիքներ ստեղծելով շատերի գոյության համար։ Այս փոփոխությունից հետո, փոքր և միջին բիզնեսը ստիպված է լինելու կրկնակի ավելի շատ վճարել, քան վճարում էր նախկինում։
Եթե նախկինում, անհամեմատ ավելի արտոնյալ միջավայրում չէր կարողանում մրցակցել խոշորների հետ, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու այն բանից հետո, երբ սկսի գործել շատ ավելի ծանր հարկային բեռը։
Թեև, ինչպես հայտնի է, դրանով էլ չեն ուզում բավարարվել։ Մտադիր են ընդհանրապես հրաժարվել շրջանառության հարկից և փոքր ու միջին բիզնեսը հարկել այնպես, ինչպես հարկում են խոշորը, չհասկանալով, որ դրանք գտնվում են մրցակցային հնարավորությունների բոլորովին տարբեր հարթությունների մեջ։ Փոքր բիզնեսը նույն հարկային միջավայրում ու նույն գործունեության պայմաններում երբեք չի կարող մրցակցել խոշորի հետ։
Սա բերելու է նրան, որ շրջանառության հարկի դաշտում գործող բազմաթիվ ընկերություններ փակվելու են։
Այն, ինչ հիմա տեսնում ենք միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածների կրճատման ու աշխատավարձերի նվազման տեսքով, վաղը տեսնելու են նաև շրջանառության հարկով աշխատող փոքր ու միջին բիզնեսի պարագայում։
Կառավարության իրականացվող հարկային քաղաքականությունը տանում է սրան։ Ու քանի դեռ Հայաստանում չկա հստակ և համակարգված տնտեսական քաղաքականություն, իսկ տնտեսական խնդիրները ստորադասվում են բացառապես բյուջեի եկամուտներին, այլ բան չի էլ կարող սպասվել։ Միկրոբիզնեսը, փոքր ու միջին բիզնեսն աստիճանաբար դուրս են գալու տնտեսական դաշտից, իսկ բիզնեսը կենտրոնանալու է խոշորների ձեռքում։