Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման հավանականությանն ու դրան Ռուսաստանի արձագանքին։
Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպությունը կպահանջի կատարել արժեքային կողմնորոշումների հետ կապված մի շարք պայմաններ:
«Հայաստանի եվրաինտեգրման գործընթացն աստիճանաբար իրականացվում է։ Չասեմ, որ ինտենսիվ տեմպերով, բայց միևնույն ժամանակ մենք գիտենք Հայաստանի ներկայիս քաղաքական էլիտայի առանցքային դեմքերի, Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, որոնք բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ի միակ այլընտրանքային ապագան ինտեգրումն է եվրոպական կառույցներին:
Սակայն, դրա հետ մեկտեղ, հարկ կլինի կենտրոնանալ նաև Հայաստանի բնակչության կարծիքի վրա, որը լիովին ճիշտ չի համարում Հայաստանի՝ ԵՄ կառույցին ինտեգրվելու որոշումը։ Կարելի է օրինակ բերել Եվրամիությանն ինտեգրման նմանատիպ գործընթացները, որոնք շարունակվում են ավելի քան 30 տարի։
Եվ այնտեղ ոչ թե առաջընթաց չկա, այլ նույնիսկ երբեմն հետընթաց է նկատվում։ Դա նույնիսկ կախված չէ պետության և բնակչության ղեկավարների դիրքորոշումից, այլ ավելի շուտ Եվրոպական Եվրամիության իրավիճակից:
Հարկ է նշել, որ ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպությունը կպահանջի արժեքային կողմնորոշումների հետ կապված մի շարք պայմանների կատարում։ Փորձից կարելի է ասել, որ նման գործընթացներում բնակչության հետ ղեկավարությունը հիմնականում պարզապես չի խորհրդակցում և հաշվի չի նստում նրանց հետ։ Ուստի քաղաքական վերնախավը կարող է դա անել նման պահանջների դեմ բողոքի ակցիաներին զուգահեռ։
Բնականաբար, այս գործողություններին կհաջորդի ռուսական արձագանքը։ Կախված ԵՄ-ին Հայաստանի այդ ինտեգրման կոնկրետ քայլերից, անպայման կլինեն սիմետրիկ քայլեր ՌԴ-ի կողմից, որոնք բխելու են Ռուսաստանի ազգային շահերի և ազգային անվտանգության հարցերից։ Ենթադրել, որ նման գործընթացները ոչ մի կերպ չեն ազդի հարաբերությունների վրա, միամտություն է։ Իհարկե, պետությունների մակարդակով հարաբերությունները կվատթարանան», — ասել Է Դենիսովը։
Միաժամանակ, ըստ նրա, բնական է, որ Մոսկվայում կցանկանային՝ Հայաստանը լիարժեք մասնակից լիներ ՀԱՊԿ-ին։ «Վերջին շրջանում ինձ մոտ հստակ զգացվում է հայկական քաղաքականության երկակիությունը, հատկապես արտաքին ուրվագծում։ Ըստ երևույթին, Հայաստանի ներկայիս քաղաքական էլիտան այլ կերպ պարզապես չի կարող։ Եվ ահա դրա հետ դեռ պետք է համակերպվել, այդ թվում ՝ Ռուսաստանի»,- ընդգծել է Դենիսովը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման համար, փորձագետը նշել է, որ իրականում դա Հայաստանին ոչ մի կերպ չի օգնի։
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև վերջերս կնքված գործարքը, ըստ էության, չի կարող փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և լրջորեն ազդել որևէ բանի վրա։ Ռուսաստանի և Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների շատ լուրջ սառեցման ներկա կոնյունկտուրայում սա զուտ խորհրդանշական ժեստ է, որը ցույց է տալիս տարածաշրջանում և, մասնավորապես Հայաստանում ամրապնդվելու Ֆրանսիայի ցանկությունը: Իսկ պաշտոնական Երևանի մտադրությունը՝ շարունակելու եվրատլանտյան ինտեգրմանն ուղղված ջանքերը»,- ասել է Դենիսովը։