կարևոր
3511 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-12 10:59
Քաղաքական

Սա Եկեղեցու շարժումը չի, Բագրատ Սրբազանի շարժումն է․ Միքայել Աջապահյան․ «Հրապարակ»

Սա Եկեղեցու շարժումը չի, Բագրատ Սրբազանի շարժումն է․ Միքայել Աջապահյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այժմ օրակարգ է թելադրում ու ստիպում է ոչ միայն ՀՀ ներկա իշխանություններին, այլև Ադրբեջանի իշխանություններին ուշիուշով հետևել Բագրատ Սրբազանի հայտարարություններին ու քայլերին։

Հասարակական տարբեր շրջանակներում վերջերս ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի սատարում Բագրատ Սրբազանին և փաստացի պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է նրա ուսերին։

Այս քննարկումների վերաբերյալ «Հրապարակը» կարճ զրույց ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

- Շատերը մատնանշում են այն հանգամանքը, որ հանրահավաքների ժամանակ Բագրատ Սրբազանի կողքին չեն տեսնում մյուս թեմերի առաջնորդներին, չեն գալիս, չեն աջակցում: Արդյո՞ք դա նշանակում է, որ եկեղեցին աջակցության հարցում որոշակի հետքայլ է արել։

- Ո՛չ հետքայլ է արել, ո՛չ էլ ընդառաջ քայլ է արել։ Ոնց կա՝ դա է, ինչ հետքայլ։

- Ամեն դեպքում մարդիկ աջակցությունը ընկալում են նաև ֆիզիկական ներկայությամբ:

- Այո, աջակցում է, բայց դա ինստիտուցիոնալ աջակցություն չի:

- Իսկ ինստիտուցիոնալ աջակցություն կլինի՞:

- Դրա անհրաժեշտությունը չկա։

- Բագրատ Սրբազանը կկարողանա՞ միայնակ այս շարժումը մինչև վերջ հասցնել:

- Ինչո՞ւ է միայնակ, դուք իր հետ չե՞ք:

- Նման հարցերն առանց քաղաքական էլիտաների, ազգային ինստիտուտների ու կառույցների աջակցության դժվար է լուծել:

- Ի սկզբանե ասել եմ, որ սա եկեղեցու շարժումը չի, սա Բագրատ Սրբազանի շարժումն է, որին աջակցում են որոշ հոգևորականներ, որոշ հոգևորականներ վերապահ են, որոշ հոգևորականներ էլ չեն ողջունում: Այնպես որ սա եկեղեցու շարժումը չէ:

- Իսկ շարժման սկզբին վերապահում ունեցողներից ու չաջակցողներից կա՞ն հոգևորականներ, որ անցել են աջակցողների կողմը: Այս պահին ո՞ր կողմի նժարն է ավելի ծանր:

- Ես չեմ կարող ասել՝ ես մենակ ինձ համար կարող եմ ասել: