Միասին կարող ենք
կարևոր
3949 դիտում, 1 տարի առաջ - 2024-06-06 12:19
Քաղաքական

Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Երևանին և Բաքվին. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Երևանին և Բաքվին. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ Այս մասին Բաքվում լույս տեսնող «Morning» ռուսալեզու ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, գրում է ТАСС-ը։

«ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանազագծան շարունակական գործընթացին։ Մենք կարծում ենք, որ այն պետք է լինի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել կողմերին»,- ասել է դիվանագետը։ 

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը, այդ թվում՝ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։

«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ուղղությամբ»,- նշել է Եվդոկիմովը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին՝ ՌԴ դեսպանը նշել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից։

«Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով», - եզրափակել է նա: