կարևոր
3724 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-18 21:01
Հասարակություն

Ապացույցներ կան, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել. փաստաբան

Ապացույցներ կան, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել. փաստաբան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի պաշտպանները բավարար ապացույցներ ունեն, որ մեկուսարան տեղափոխելու ընթացքում նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ավելի վաղ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ձերբակալվածի նկատմամբ բռնություն է կիրառվել, ասել էր` դա դեռ պետք է պարզել։ Մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն Վարդանյանին ծեծի ենթարկելու փաստով արդեն գործ է հարուցել։

Փաստաբանն ընդգծեց, որ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են Վարդանյանին դուրս բերում քրեակատարողական հիմնարկից, և նրա տաբատի վրա խոտի հետքեր չեն եղել: Մինչդեռ, երբ նրան բերել են մեկուսարան, տաբատի վրա արդեն թարմ խոտի հետքեր են եղել։ Բացի այդ, արդեն կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, և Վարդանյանի բոլոր վնասվածքներն արձանագրվել են:

«Միջադեպի ժամանակ Վարդանյանի ձեռքերը ոլորել են մեջքի հետևում, ձեռնաշղթաներ են եղել, իսկ արդեն խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը փակել է նրա բերանը, որպեսզի չբղավի։ Վարդանյանը լիովին անպաշտպան վիճակում է եղել»,– նշեց իրավաբանը:

Հարությունյանը մտահոգված է նաև դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հարցում իրավապահ մարմինների դանդաղկոտությամբ: Նա համոզված է, որ գործը կփորձեն կոծկել, բայց վստահեցրեց՝ փաստաբանների խումբն ամեն ինչ անելու է, որ իրավապահ մարմինները հանկարծ անգործություն չդրսևորեն, իսկ ներգրավված անձինք պատասխանատվության ենթարկվեն։

Հիշեցնենք` ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցնում ՔՊ–ական պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց էր սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց` Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, թքել են երեսին։ Այդ ամենը տեղի է ունեցել Երևանի քննչական վարչությունից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ Վարդանյանի ձեռքերը շղթայված են եղել։