կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 13:04
Տարածաշրջան

Անկարայի համալսարանում բռնություն է կիրառվել ակադեմիկոսների նկատմամբ

Անկարայի համալսարանում բռնություն է կիրառվել ակադեմիկոսների նկատմամբ

Թուրքիայում արտակարգ իրավիճակի պայմաններում ընդունված և մի շարք ակադեմիկոսների՝ աշխատանքից հեռացման պատճառ դարձած հրամանի դեմ իրենց բողոքը հայտնելու համար Անկարայի համալսարանի ակադեմիկոսները փորձել են հավաքվել համալսարանի Ջեբեջի մասնաշենքում։ Սակայն նրանց թույլ չեն տվել մասնաշենք մուտք գործել, ոստիկանությունը բռնություն է կիրառել նրանց նկատմամբ։ 20 հոգի բերման է ենթարկվել, որոնց թվում նաև վերջին հրամանով աշխատանքից հեռացված ակադեմիկոսները։

Ըստ «Ակօս»-ի՝ Թուրքիայի կրթության և գիտության գործիչների արհմիության՝ «Eğitim-Sen»-ի Անկարայի 5-րդ գրասենյակը հայտարարել էր. «Չե՛նք գնում, համալսարանի շենքերը չե՛նք լքում»: Նաև կոչ էր արել փետրվարի 10-ին՝ ժամը 12։30-ին, հավաքվել Անկարայի համալսարանի Ջեբեջի մասնաշենքում։

Ջեբեջի մասնաշենքի մոտ հավաքված ակադեմիկոսներին անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել մասնաշենք։ Ոստիկանությունը, նշելով, որ ՆԳՆ-ից հրահանգ ունի, խոչընդոտել է ակադեմիկոսների մուտքը համալսարանի տարածք։ Մասնաշենքի դիմաց հավաքվածների շարքերում պատգամավորներ, ակադեմիկոսներ, ուսանողներ և շրջանավարտներ կային։ Մասնաշենք մուտք գործել ցանկացող ակադեմիկոսների դեմ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել, որոշ ակադեմիկոսներ բերման են ենթարկվել։ 

Ցուցարարների վրա հարձակվելուց հետո համալսարանի մասնաշենքի դռները փակվել են։ Ակադեմիկոսները, որպես բողոքի նշան, իրենց պատմուճանները փռել են մասնաշենքի մուտքի դիմաց։

Կառավարության վերջին հրամանով աշխատանքից հեռացված ակադեմիկոսներին օժանդակելու համար համալսարանի մասնաշենք եկած պրոֆ. Բասքըն Օրանը նշում է, որ ոստիկանները հավաքվածների դեմ ծանր բռնություններ են իրականացրել՝ թույլ չտալով անգամ մոտակայքում կանգնել և սպասել։

Փետրվարի 7-ի հրամանով 330 ակադեմիկոս աշխատանքից հեռացվել էր։ Աշխատանքից հեռացվածներից 115-ը «Ակադեմիկոսները հանուն խաղաղության» հայտարարությունը ստորագրողներն են։ Աշխատանքից հեռացվածների ամենամեծ թիվն Անկարայի համալսարանում է։