կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 16:26
Իրավական

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավորի նկատմամբ բռնություն է կիրառվել

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավորի նկատմամբ բռնություն է կիրառվել

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Շենգավիթ վարչական շրջանի` արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի: Հենց այդ պատճառով էլ նրան այսօր չէին ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանը հրաժարվեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի ծառայություններից: Նրա շահերն այսուհետ կներկայացնեն Տիգրան Աթանեսյանը, Հովհաննես Չամսարյանը եւ Արմեն Սողոմոնյանը: Բացի դա` Իշխան Բարսեղյանի գործով եւս մեկ պաշտպան ներգրավվեց՝ Արա Ղազարյանը: Բայց քանի որ Իշխան Բարսեղյանը դատարանում չէր եւ, ըստ նախագահող դատավորի, Բարսեղյանի կամքը հաստատելու վերաբերյալ չկար որեւէ փաստաթուղթ, ուստի Արա Ղազարյանի` որպես պաշտպան ներգրավվելու հարցը կքննվի հաջորդ նիստում: Այսպիսով՝ Իշխան Բարսեղյանի շահերը դատարանում կպաշտպանի վեց փաստաբան՝ նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, Վարդուհի Էլբակյանը, Լիաննա Գրիգորյանը, Կարեն Հովհաննիսյանը Կարեն Ղազարյանը եւ Արա Ղազարյանը:

Ամբաստանյալի բացակայության պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց փետրվարի 3-ին:

Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն օրեր առաջ բերանի խոռոչում փոքր վիրահատություն է տարել, ատամնաշարի հետ կապված խնդիրներ ունի, որն առաջացել է նրա նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի հետևանքով:

«Ձերբակալության ընթացքում Բարսեղյանի նկատմամբ ոչ համաչափ ուժ են կիրառել, և նա այդ ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ դեմքի շրջանում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Բարսեղյանը ներկայումս բուժօգնություն է ստանում «Երևան» ՔԿՀ-ում:

Էլբակյանը տեղեկացրեց, որ բռնությունների փաստով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի եզրակացությունը պաշտպանական կողմին չի բավարարում: Ըստ եզրակացության՝ նախկին դատավորը թեթեւ աստիճանի մարմնական վնասվածք է ստացել:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Էլզա Զաքարյանն էլ մեղադրվում է, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով, կաշառքի միջնորդություն կատարելու մեջ: