Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը և դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն, ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան՝ անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը:
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով (մոտ 46 հազար դրամ): Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը: Այնինչ, համապատասխան իրազեկումները շատ կարևոր են՝ հաշվի առնելով, թե հատկապես ամռանը ՀՀ որքան քաղաքացի է մեկնում Վրաստան:
Ըստ վիճակագրության, միայն 2023 թվականին այդ թիվը եղել է մոտ 900 հազար: Ի դեպ, նշենք, որ ապահովագրական ընկերությունները միշտ էլ առաջարկել են նման ապահովագրական փաթեթներ տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար: Սակայն հաշվի առնելով, որ Վրաստանում դա պարտադիր է դառնում, այս ընկերությունները ևս պետք է որ ակտիվություն դրսևորեն՝ իրազեկելու մեր քաղաքացիներին ու բացատրելու, թե մեկնելուց առաջ ինչ քայլեր պետք է անեն: