կարևոր
4630 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-15 17:32
Աշխարհ

ԱՄՆ-ը, Իրանն ու Իսրայելը միասին ընդհանուր նպատակ են փնտրում

ԱՄՆ-ը, Իրանն ու Իսրայելը միասին ընդհանուր նպատակ են փնտրում

Իսրայելի վրա Իրանի հարձակման մասին հաղորդագրությունների ֆոնին Արաբական Asharq al-Awsat պարբերականի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանն ու Թել Ավիվը «ոչ պաշտոնական երկխոսություն են վարում հաղորդագրությունների միջոցով, որոնք հաստատում են հարաբերությունները պատերազմի հասցնելու կողմերի դժկամությունը», սենսացիոն են թվում: Ըստ իսրայելական դիվանագիտական աղբյուրների՝ Իսրայելն, իբր, ուղերձ է հղել Իրանին, իբր հրեական պետությունը պատրաստ է իր վրա վերցնել «Իրանի սահմանափակ պատասխան հարվածը»: Միեւնույն ժամանակ, Asharq al-Awsat-ի աղբյուրները նշում են՝ «Վաշինգտոնը հետագայում մտադիր է գտնել Իրանի եւ Իսրայելի միջեւ փոխըմբռնման որոշակի բանաձեւ՝ սահմաններ սահմանելու համար, որոնք կողմերը չեն հատի»: Սա առաջին։

Երկրորդ. ամերիկյան Wall Street Journal ամսագրի աղբյուրը, որը շփվել է Իրանի ղեկավարության հետ, պնդում էր՝ «Թեհրանը դեռ որոշում չի կայացրել Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ, տարբեր ծրագրերի քննարկումներ են ընթանում, բայց վերջնական որոշում դեռ չկա»: Ավելին, մերձավորարեւելյան որոշ ԶԼՄ-ներում սկսել է ներդրվել այն թեզը, ըստ որի «Իրանը, ամենայն հավանականությամբ, կընտրի «խորհրդանշական նպատակ՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումից խուսափելու համար»: Նրանք հիշեցնում են՝ 2020ի հունվարին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանն ի պատասխան խորհրդանշական կերպով մի քանի հրթիռ է արձակել Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Երրորդ. Axios պորտալը, մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի միջեւ կայացած հեռախոսազրույցը, պնդեց՝ Թեհրանը «պատրաստվում է սահմանափակ պատասխան տալ Դամասկոսում իրանական հյուպտոսության վրա Իսրայելի հարձակմանը»: Ուստի սկսում է թվալ, թե «լիցքաթափման տարրեր» են ի հայտ գալիս լարված իրավիճակում՝ կապված Իսրայելի վրա Իրանի ենթադրյալ հարձակման հետ։ Արդյո՞ք դա այդպես է:

Մերձավոր Արեւելքում ստեղծված բարդ իրավիճակում ակտիվորեն աշխատում է կուլիսային բազմաքայլ դիվանագիտությունը՝ ոչ միայն տարածաշրջանային խաղացողների մասնակցությամբ։ Այս կապակցությամբ տարածաշրջանային եւ համաշխարհային ԶԼՄ-ներում հայտնվում են բազմաթիվ տեղեկատվական արտահոսքեր, որոնք հաճախ «մատից են ծծվում», բայց լինում են նաեւ հավաստի տեղեկություններ՝ որոշակի նպատակային ուղղվածությամբ։ Գոյություն ունեցող տեղեկատվական քաոսը հասկանալը շատ դժվար է, չնայած աչքի են ընկնում հետեւյալ գործոնները. Այսպես ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի երկարաշունչ հայտարարություններում վերացան կատեգորիկ հատկության ձեւակերպումները։ Նա Իսրայելին ուղղված Իրանի սպառնալիքները որակում է որպես «իրական պոտենցիալ, հնարավոր, բայց ողջամիտ»: Կան նաեւ նշաններ, որ ԱՄՆ - ն փորձում է հակամարտության սլաքները տեղափոխել դիվանագիտական հուն Կահիրեում Գազայում զինադադարի շուրջ բանակցությունների վերսկսման միջոցով՝ գոնե ինչ-որ համաձայնության պարտադիր ձեռքբերմամբ, ինչը կարող է բաժանարար գիծ դառնալ Իսրայելին Իրանի ենթադրյալ հարվածի եւ լիցքաթափված լարվածության միջեւ։

Վաշինգտոնի եւ Թեհրանի համար իրադարձությունների նման ընթացքը կարող է դիտվել որպես տակտիկապես հաջող, մինչդեռ Թել Ավիվում կան ուժեր, որոնք կարծում են, որ նման քայլը «տանում է կապիտուլյացիայի Թեհրանի ճնշման տակ»: Բայց ԱՄՆ - ի համար նախատեսված համադրության ձախողման դեպքում ամեն ինչ կարող է վերածվել «դիվանագիտական ապտակի», քանի որ Գազայում պատերազմի դադարեցումը ոչ միայն պաղեստինցիների, այլեւ միջազգային հանրության պահանջն է։ Ի վերջո, Իսրայելի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրանական «խաղաքարտի» խաղարկման հավանականություն կա, որպեսզի նրան դրդեն վերսկսել խաղաղ քաղաքական գործընթացը Կահիրեում: The Sun պարբերականը գրում է՝ «ամերիկյան վարչակազմի դժկամությունն Ուկրաինայում հակամարտության թեժ պահին ռեսուրսներ ծախսել իրանա-իսրայելական դիմակայության վրա բացատրելի է, հատկապես, եթե ամերիկացիները ստիպված լինեն դառնալ Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական գործողությունների անմիջական մասնակիցը»: Այսպես, ԶԼՄ-ներում արտահոսք է հայտնվում այն մասին, որ «Վաշինգտոնն իբր թե կուլիսային պայմանավորվածություն ունի Թեհրանի հետ, որ վերջինս ձեռնպահ կմնա Իսրայելին լայնածավալ հարված հասցնելուց, եթե Վաշինգտոնն իր խողովակներով համոզի իսրայելական բանակին լքել Գազայի հատվածը»։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը դեռեւս անորոշ վիճակում է, եւ գլխավոր իրադարձություններն առջեւում են։

 

Տարասով 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի