կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-20 16:44
Աշխարհ

Իսրայելը Թուրքիայի հետ շփումները կարգավորելու հնարավորություն է փնտրում

Իսրայելը Թուրքիայի հետ շփումները կարգավորելու հնարավորություն է փնտրում

Երբ բրիտանական Middle East Eye պարբերականում տեղեկություն հրապարակվեց` հատուկ աղբյուրներին հղումով, որ «իսրայելական կառավարությունը մտադիր է վերականգնել լիակատար դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ` դեսպաններ փոխանակելու միջոցով», և որ «երկու երկրներն էլ ընդհանուր շահեր ունեն, ինչպիսիք են Սիրիան և Արևելյան Միջերկրականում բնական գազի մատակարարումները», դա փոթորկեց փորձագիտական հանրությունը. ըստ yerkir.am-ի` Regnum-ում գրում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Ի հայտ եկան եզրահանգումներ, որ  աշխարհի այդ տարածաշրջանում ինչ-որ հերթական աշխարհաքաղաքական կոմբինացիա է պատրաստվում: Առավել ևս, որ այդ տեղեկությունը կրկնեց թուրքական TRT World հեռուստաալիքը` նշելով, որ Իսրայելը «անսպասելիորեն հրաժարվել է ստորագրել Եգիպտոսի, Հարավային Կիպրոսի, Ֆրանսիայի, Հունաստանի և ԱՄԷ-ի հետ համատեղ հայտարարությունը, որում Թուրքիային մեղադրում են  Միջերկրական ծովի արևելյան մասում անօրինական գործունեություն իրականացնելու մեջ»:

Հետո էստաֆետը վերցրեց սաուդյան անգլալեզու Arab News թերթը: Նա տեղեկացրեց, որ «Իսրայելի և Թուրքիայի պաշտոնական անձինք, ենթադրաբար, գաղտնի բանակցություններ են վարում` ծովային սահմանների և Միջերկրական ծովի արևելյան մասում բացառիկ տնտեսական գոտիների մասին համաձայնություն ձեռք բերելու համար»:

Ավելի վաղ Իսրայելն օգնել էր Թուրքիային`  բժշկական օգնություն հասցնել օկուպացված Արևմտյան ափ և  շրջափակված Գազայի հատված, քանի որ Անկարան կորոնավիրուսի դեմ պայքարելու համար իսրայելական հիվանդանոցների ձեռք բերած բժշկական սարքավորումների արտահանման թույլտվություն էր ստացել: Ընդ որում` ենթադրություն կար, որ եթե իրադարձությունները շարունակվեն այդ սցենարով զարգանալ, կսկսեն փլուզվել ոչ միայն Իսրայելի ու Կիպրոսի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունները, հատկապես` նավթի ու գազի հետախուզման մասով, ինչպես նաև «Արևելյան Միջերկրականի գազային ֆորումը», որը ձևավորվել էր անցյալ տարվա վերջին և գտնվում է Կահիրեում, այլև Իսրայել-Հունաստան-Կիպրոս, այսպես կոչված,  ռազմավարական եռանկյունին, որի հետ էին կապվում Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրականի ապագա փոփոխությունները»,- գրում է վերլուծաբանն ու հարցնում` ի՞նչ է այս ամենի հետևում:

Ըստ նրա` Իսրայելն ու Թուրքիան նախկինում ռազմավարական գործընկերներ էին, սակայն սկսեցին հեռանալ միմյանցից, երբ Անկարան սկսեց փոխել իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը` առաջնային դարձնելով իր շահերն իսլամական աշխարհում և ենթարկեցնելով դրանց եվրոպական ինտեգրման հիմնախնդիրները: Դա փոխում էր ընդհանուր տարածաշրջանային շահերի շեշտադրումները: Հորիզոնում երևում էր նախկին Օսմանյան կայսրության տարածքում ազդեցությունը վերականգնելու ֆենոմենը: Ի դեպ, այդ տարածքում է գտնվում նաև ժամանակակից Իսրայելը:

Սակայն եթե Թուրքիան, Տարասովի խոսքով, հավակնում է սուննի իսլամական աշխարհի առաջնորդությանը, ապա շիա դրոշը Իրանի ձեռքում է: Այսօր տարբեր պատճառներով և տարբեր դրդապատճառներով նրանք հանդես են գալիս Իսրայելի դեմ, որը աջակցություն է ստանում միայն  արաբական աշխարհի մի քանի երկրներից: Հետևաբար, պետք չէ զարմանալ, որ իսրայելական դիվանագիտությունը մշապես դիտարկել է  ինչ-որ շահավետ գործարքի միջոցով այդ դաշինքի խզման հնարավորությունը: Այդպիսին այսօր, ըստ քաղաքագետի, համարվում է Իսրայելի և Թուրքիայի միջև հնարավոր էներգետիկ համաձայնությունը, որը նախատեսում է գազի մատակարարում Իսրայելից Եվրոպա` Թուրքիայի տարածքով:

Բացի դրանից` Իսրայելը համարում է, որ ինքը, ինչպեսև Թուրքիան, շահագրգռված չէ Սիրիայում Իրանի ռազմական կամ այլ ներկայությամբ, և այդ ընդհանուր թեման տանում է երկխոսության: Նույնը` «Հըզբոլլահ»-ի պահը` Լիբանանում: Բայց դրանք, Տարասովի ներկայացմամբ, «բարեկամություն ինչ-որ մեկի դեմ» սցենարներ են` միայն համագործակցության տեսական պոտենցիալով` ռազմավարական խորությամբ, որտեղ, բացի Իսրայելի և Թուրքիայի շահերից, կան նաև Հունաստանի, Կիպրոսի և արաբական մի շարք երկրների շահեր: Այդ պատճառով Միջերկրական ծովի արևելքում գազային պաշարների համատեղ շահագործման հնարավորությունը, ներառյալ` Իսրայելի և Կիպրոսի հանքավայրերը Հունաստանի կամ Թուրքիայի հետ միացնող, հետո Իտալիա գնացող գազատարի շինարարությունը, տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժերի նախերգանք է:

«Այսպիսով` ռազմավարական մակարդակում Միջերկրական ծովի արևելյան մասում գրվում է աշխարհաքաղաքական նոր հավասարում: Չի բացառվում, որ այդ կապակցությամբ ակտիվ քաղաքական-դիվանագիտական զոնդավորում է իրականացվում ընդհանուր նպատակների բացահայտման համար` չնայած սուր և երկարատև հակամարտություններին: Իսրայել-Թուրքիա դաշինքի վերածնման դեպքում կարող է ի հայտ գալ աշխարհաքաղաքական սիներգետիկ էֆեկտ, որը նոր հնարավորություններ է բացում Արևելյան Միջերկրականում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային համագործակցության համար»,- եզրափակում է քաղաքագետը: