Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին՝
Սահմանազատումը եւ սահմանագծումը իրար հաջորդող միջազգային գործընթացներ են եւ պետք է համապատասխանեն միջազգային լավագույն պրակտիկային:
Այն է.
-Հիմնարար սկզբունք է, ըստ որի, առոչինչ է ուժի կամ սպառնալիքի կիրառմամբ ձեռք բերված որեւէ համաձայնություն: Առաջնային պայման է սահմանակից պետությունների միջեւ երկկողմ բնականոն, այդ թվում ՝ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:
Այս գործընթացներն իրականացնելու համար ձեւավորվում է երկկողմ միջկառավարական հանձնաժողով, կայացվում է համաձայնություն սահմանազատման իրավական հիմքերի եւ համատեղ սահմանագծում իրականացնելու գործընթացի շուրջ:
-Կնքվում է երկու պետությունների միջեւ սահմանի մասին համաձայնագիր, որն արձանագրում է սահմանային բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը:
Հետեւաբար, սահմանների ճանաչման գործընթացի միջազգային պրակտիկայում խոսք չի կարող լինել ավարտված որեւէ հատվածական սահմանազատման եւ սահմանագծման մասին առանց ունենալու սահմանային բոլոր խնդիրների լուծումն արձանագրող համաձայնություն:
Ուստի, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը Ադրբեջանի հորինածն է եւ հակասում է թե մեր շահերին, թե միջազգային լավագույն պրակտիկային:
Այդ ապօրինի պահանջին տուրք տալը նշանակում է, ուղղակիորեն ուժի սպառնալիքի տակ անվերապահորեն կատարել Ադրբեջանի կամքը:
Այս եզրահանգումը ամրապնդվում է Ադրբեջանի այն պահանջով, որ սահմանների հստակեցումն սկսվի հենց Տավուշի հատվածից, որտեղ մեր առաջնագիծն ամենաամուրն է:
Այսպիսի գործընթացի մեջ մտնելով հայկական կողմը փաստացի պատրաստակամություն է հայտնում սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքների կիրառման պայմաններում: Իսկ նման դեպքում, եթե այդ սպառնալիքները վերածվեն գործի, մեզ այլեւս ոչ ոք եթե ուզենա էլ՝ չի կարող օգնել:
Ժամանակն է, որ մեր ժողովուրդը պարզ գիտակցի նման ձեւով հակառակորդին տարածքներ հանձնելու այս իշխանությունների վարած քաղաքականության ծանր հետեւանքները:
Տավուշյան այս գործընթացում առավել ակնհայտ է դրսեւորվում մեզ զիջումներ պարտադրելու այս իշխանությունների ձեռագիրը: Նախ հիմնավորվում է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները ճիշտ են, դրանով լեգիմիտացվում է Ադրբեջանի կողմից ցանկացած միջոցներով դրանք վերադարձնելու իրավունքը՝ ասել է, թե ապահովվում է Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հիմքերը:
Այնուհետեւ, միտումնավոր անտեսելով տարածքներ չհանձնելու եւ մեր շահերը պաշտպանելու իրավաքաղաքական հնարավորությունները, արձանագրվում է մեր անկարողությունը, ներշնչվում պարտության անխուսափելիության զգացում եւ պատերազմի անմիջական սպառնալիքի տակ պարտադրվում է որպես չարյաց փոքրագույն համակերպվել հերթական միակողմանի զիջումների հետ:
Ինքնակործանման այս շղթան եթե չկտրվի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումը Արեւմտյան Ադրբեջանի:
Կործանարար այս շղթան կտրելու պահը հիմա է, տեղը՝ Տավուշը: