Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշմանը` հիմնավորելով խորհրդարանական կառավարման համակարգին կողմնակից լինելու հայտարարությունները: Նրա խոսքով` խորհրդարանական կառավարման համակարգի միջոցով հնարավոր կլինի ազատվել գերկենտրոնացած համակարգից, որովհետև ավելի դժվար է ընդդիմության համար պայքարել կենտրոնացված, քան ապակենտրոնացված և հավասարակշռված համակարգի դեմ:
«Այնպես որ` բոլոր առումներով` թե' քաղաքական, թե' տակտիկական, մեր մոտեցումն է՝ անցնել խորհրդարանական համակարգի, այն վաղուց հասունացած է և անհրաժեշտություն է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա համոզմամբ` խորհրդարանական կառավարման համակարգը թույլ չի տալու կայացնել փակ, գաղտնի որոշումներ, դրանք կլինեն հրապարակային և հավասարակշռված:
Դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընկնում են Դաշնակցության և ՀՀ նախագահի մոտեցումները, Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ երբ երկրում հնարավոր է լինում մի բան անել, միշտ էլ նպաստավոր դաշտ կարող է առաջանալ, ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության մեջ էլ կարող են հակված լինել դա անել:
«Պատահական չեմ համարում, որ նախագահներն իրենց պաշտանավարման վերջին ժամկետում են համաձայնում նման փոփոխություններ իրականացնել: Բոլորդ էլ նկատել եք, որ ովքեր համակարգի ներսում են, դժգոհում են այդ համակարգից, երբ հայտնվում են այդ համակարգի հարվածների ներքո: Բոլոր նախագահներն էլ դժգոհում են համակարգից, այդ ինչպե՞ս է լինում, որ առաջին նախագահը դժգոհ է լինում երկրորդից ու երրորդից, երկրորդ նախագահը դժգոհ է լինում առաջինից ու երրորդից»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ քաղաքական հասունությունը պահանջում է երկիրը տանել այն ուղղությամբ, որից կշահի ժողովուրդը, ոչ թե վախենալ պայքարից ու հայտնվել անտրամաբանական իրավիճակում:
Արմեն Ռուստամյանի խոսքով` եթե քառյակը հայտարարի, որ Դաշնակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդունելի է, սակայն սահմանադրական փոփոխությունները պետք է անել հետո, ապա միանգամայն այլ իրավիճակ կառաջանա, սակայն քառյակը նման բան չի հայտարարել:
«Մենք ասում ենք` եկեք` նախագահական աթոռից հրաժարվենք հիմա` անելով այդ փոփոխությունները, սակայն նրանք ասում են` եկեք` այդ փոփոխությունները իրականացնենք նախագահական ընտրություններից հետո, ինչը նշանակում է` թողեք` մի քիչ մենք նստենք այդ աթոռին, հետո կանենք սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա շեշտեց, որ չի տեսնում որևէ դիտավորություն քառյակի երեք ուժերի մոտեցումներում, պարզապես քաղաքական հասունությունը պահանջում է կայացնել այլ որոշում` սահմանադրական փոփոխությունների հետ կապված: