կարևոր
60313 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 21:51
Տնտեսական Հասարակություն

Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ

Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ

Ռուսական վճարային МИР համակարգի քարտերը 2024 թ. մարտի 30-ից Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատները և վճարային տերմինալները դադարել են սպասարկել` բացառությամբ ՎՏԲ-Հայաստան բանկի, որը համարվում է ռուսական ՎՏԲ բանկի ենթակառուցվածքը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց քաղաքագետ, ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման մագիստրոս Աղվան Պողոսյանը:

Ըստ քաղաքագետի՝ ԱՊՀ երկրներ Ղրղզստանի և Ղազախստանի բանկերը նույնպես դադարեցրել են իրենց երկրներում МИР քարտերով գործարքները:

«Վախենալով պատժամիջոցներից՝ ԱՊՀ շատ երկրներ, մասնավորապես Հայաստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը գործում են նույն սցենարով, ինչի արդյունքում այդ երկրներում բանկային հատվածն առավելապես հրաժարվում է МИР բանկային քարտերի ընդունումից»,- նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է ռուսական համակարգից հրաժարվելն անցանկալի Հայաստանի տնտեսության համար, քաղաքագետը հավելեց. «Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն է իրականացնում մոտ 2-2, 5 մլն ՀՀ քաղաքացի։ Նրանցից շատերը սեզոնային աշխատանք են կատարում (խոպանչիներ) Ռուսաստանում՝ Հայաստանում ունենալով տներ և ընտանիքներ։ Տպավորություն է, որ իշխանություններն ամեն գնով փորձում են բարդացնել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների վիճակը (խոսքը նաև խոպանչիներին հարկման մասին է)՝ այլընտրանքային մեխանիզմներ չառաջարկելով»։

Ըստ Պողոսյանի՝ այս ամենը տեղավորվում է իշխանությունների վարած հակառուսական քաղաքականության համատեքստում, որի արդյունքում տուժում է ՀՀ շարքային քաղաքացին:

«Հարկ է նշել նաև, թե որքան է Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի տնտեսության մեջ։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվետվության` Հայաստանից Ռուսաստան արտահանումը մի քանի տարվա ընթացքում եռապատկվել է։ 2023 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 7,6 միլիարդ դոլարի։ Ներկայումս այդ թվերը աճի միտում ունեն։ «Միր» քարտերով` Արևմուտքի նախաձեռնությունն առաջին հերթին կապված է հետխորհրդային տարածքում իրավիճակը ցնցելու ցանկության հետ՝ դրանով իսկ զգալիորեն շեղելով Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտությունից»,- ասաց քաղաքագետը։

Աղվան Պողոսյանի հավաստմամբ՝ այս ամենը նրա համար է, որ Արևմուտքը Ռուսաստանի հետ իր հռետորաբանությունը վարի ավելի շահավետ պայմաններով։ Ըստ նրա՝ այս համատեսքսում  ավելորդ է խոսել այն մասին, թե այս ամենն ինչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա։