կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-25 11:00
Հասարակություն

Կարևոր չէ` ում են անվանում Հայաստանի առաջին տիկին. Աննա Հակոբյանը՝ «Мир 24» -ին

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի շրջանակում նա հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրին:

«Այս ֆորումը անդրադառնում է հարցերի լայն շրջանակի, որոնք կարևոր են ոչ միայն կանանց, այլև  ամբողջ աշխարհի համար, քանի որ դրանք վերաբերում են և' տղամարդկանց, և' երեխաներին, և' մեծահասկաներին»,- նշել է Աննա Հակոբյանը:

Հարցին` ի՞նչ խնդիրների հետ են բախվում այսօր հայ կանայք, մե՞ծ են գենդերային խնդիրները աշխատանքի տեղավորման հարցում, նա պատասխանել է. «Իսկապես, այս բոլոր խնդիրները առկա են Հայաստանում, ինչպես հետխորհրդային այլ երկրներում, սակայն, բարեբախտաբար, շատ կազմակերպություններ վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այդ հարցերով, և զգալի փոփոխություններ են եղել հասարակության կյանքում»:

Հարցին` ինչպե՞ս է փոխվել նրանց կյանքը մայիսի 8-ից հետո, երբ նր ամուսնուն` Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին վարչապետ, Աննան ասել է, որ իրենց կյանքը բովանդակային առումով չի փոխվել, փոխոխություններ կան միայն տեխնիկական տեսանկյունից. «Նկատի ունեմ հսկայական պատասխանատվությունը, որը այժմ կրում  է իմ ամուսինը, հետևաբար` ես և մեր ընտանիքը»,- ասել է նա:

Հարցին` ո՞վ  է, ՀՀ օրենքի համաձայն, համարվում առաջին տիկին` ի՞նքը, թե՞ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը, Աննա Հակոբյանը պատասխանել է. «Իմ կարծիքով` կարևոր չէ` ում են անվանում Հայաստանի առաջին տիկին, կարևոր է, որ յուրաքանչյուրը գտնվի իր տեղում և օգուտ բերի իր ժողովրդին»:

Հարցին` իր խորհուրդներով օգնո՞ւմ է Փաշինյանին, պատասխանել է, որ քաղաքական գործիչների կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց ամուսիներին:

Լրագրողը նաև հետաքրրքվել է` իր կարգավիճակի փոփոխությունից հետո Աննա Հակոբյանը մտածե՞լ է լրագրությունից հեռանալու մասին: «Այո մտածել եմ այդ մասին, սակայն ՀՀ-ում լրագրության վիճակը ստիպում է ինձ շարունակել լինել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր»,- պատասխանել է նա:

Մանրամասն` տեսանյութում: