կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 13:42
Հասարակություն

Աֆրիկյանների տունն ապամոնտաժվում է պրոֆեսիոնալ կերպով. ճարտարապետ

Աֆրիկյանների տունն ապամոնտաժվում է պրոֆեսիոնալ կերպով. ճարտարապետ

«Սամասվալ» են արել քարերը. ապամոնտաժված հին շենքերի քարերի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

 

Այս արտահայտությունը և քարերի ոչ լավ պահվելու մասին խոսակցությունը բավական ծանր ընդունեց «Հին Էրիվան» նախագծի ղեկավար, ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Նա օրինակ բերեց քաղաքներ, որոնք վերականգվել են ոչ թե ապամոնտաժված հին շենքերի քարերով, այլ լուսանկարների շնորհիվ, և այդ քաղաքներում ապրող մարդիկ գիտեն, որ ապրում են դարեր առաջ կառուցված քաղաքում: Ճարտարապետի խոսքով` կարևորը միջավայրն ապահովելն է:

 

«Հին Էրիվան» նախագիծը Լ. Վարդանյանը նախաձեռնել է դեռևս 2005 թվականին: Սկսվել են տարածքի մաքրման, ներդրողներ գտնելու աշխատանքները, հողերի աճուրդներն արվել են, սակայն շինարարությունն այդպես էլ չի սկսվել 2008 թվականին միջազգային ճգնաժամի պատճառով: Իսկ մոտ երկու տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Թբիլիսի, տեսել Հին Թիֆլիսը, վերադարձել է ու պահանջել վերսկսել Հին Երևանի կառուցման աշխատանքները:

 

Լևոն Վարդանյանը նշեց, որ, խորհրդային տարիներին քանդված շենքերը չհաշված, մինչև 2005 թվականը ապամոտաժվել է 12-14 հուշարձան, որոնք էլ, համաձայն նախագծի, պետք է վերականգնվեն:

 

Իսկ ինչ վերաբերում է Աֆրիկյանների տանը, ապա ճարտարապետը հավաստիացրեց, որ այն ապամոնտաժվում է պրոֆեսիոնալ կերպով` հանված քարերն իրարից առանձնացվում են պենոպլաստե ամաններով, և 14 շարք ապամոնտաժված քարերից և ոչ մեկը չի վնասվել:

 

Ֆերդինանտ Առաքելյանն իրականում կողմ է Լևոն Վարդանյանի` Հին Երևան կառուցելու նախագծին, սակայն նրան խնդրում է հասկանալ ժողովրդի վրդովմունքը` մինչ օրս քանդվել են, և ոչինչ չի կառուցվել:  «Սա նման է նրան, որ ծնողն իր երեխայից գոհ չլինի, տա սպանի, որ երկրորդն ավելի լավը լինի, իսկ երկրորդ երեխան «ուռոդ» ծնվի»,- ասաց նա:

 

Բանախոսները անդրադարձան նաև ակտիվիստներին: Լևոն Վարդանյանի խոսքով` իր համաքաղաքացիներն ու կոլեգաները թույլ չեն տալիս իրագործել իր գաղափարները: Ֆերդինանտ Առաքելյանը ընդմիջեց. «Ձեր մեջ նախանձն իրան է ուտում: Քո ընկերն են ակտիվիստները»:

 

Լ. Վարդանյանը նշեց, որ ակտիվիստներն իր ընկերները չեն, նա նույնիսկ մի քանի անգամ երիտասարդ ճարտարապետ-ակտիվիստներին հրավիրել է այցելել իր արվեստանոց` միասին քննարկելու նախագիծը, սակայն մի քանիսն են միայն եկել, փորձել «իրեն դաս տալ» ու գնացել են:

 

«Ես չեմ հավատում նրանց ազնվությանը: Մենք էլ ենք ակցիաներ, մոմավառություն արել, կինս, աղջիկս են կազմակերպել: Իսկ իրենք գալիս են, ջարդուփշուր են անում, աղմուկ բարձրացնում…»,- ասաց ճարտարապետը:

 

Նա պատմեց նաև, որ խորհրդային տարիներին, երբ մյուս շենքերի հետ փորձել են քանդել նաև Աֆրիկյանների տունը, շենքի արժեքը նվաստացնելու համար, ասել են, թե այն պոռնկանոց է եղել: Իսկ այսօր արդեն խոսում են, թե Աֆրիկյանների տունը մտավորականների ակումբ է եղել: Լ. Վարդանյանը ճշգրտեց, որ այդ շենքը Աֆրիկյան եղբայրների համար եկամտաբեր տուն է  եղել, այսինքն` վարձով են տրվել սենյակները: