Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճարտարապետ, Երևանի ավագանու նախկին անդամ Հրաչիկ Պողոսյանի համոզմամբ` Անաստաս Միկոյանի արձանը Երևանում չպետք է կանգնեցնել: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Միկոյանի արձանի տեղադրման մասին, նա կարծիք հայտնեց, որ, առհասարակ, քաղաքական գործիչների արձաններ չի կարելի դնել այն պարզ պատճառով, որ քաղաքականությունը կարող է շուռ գալ` կախված ժամանակաշրջանից ու հանգամանքներից, իսկ քաղաքական լավ գործիչները հեշտությամբ կարող են դառնալ վատը: Դրա արդյունքում քանդվում են որոշ քաղաքական գործիչների արձանները, իսկ դա վատ է անդրադառնում հանրության մտքի ու հոգեբանության վրա` առաջացնելով շփոթություն: Հրաչիկ Պողոսյանը համոզված է, որ նման հարցերում պետք է ոչ միայն զգույշ լինել, այլ նաև հեռատես:
«Պետք է վերացնել այդ սովորույթը, երբ քաղաքական գործիչների արձաններն են կանգնեցվում կամ նրանց անունով փողոցներ են անվանակոչվում, որովհետև դրա արդյունքում այնքան շուտ-շուտ է փոխվում միևնույն փողոցի անունը, որ ես` ինքս, որ Երևանում եմ մեծացել, չգիտեմ, թե որոշ փողոցներ ինչպես են հիմա կոչվում»,- ասաց նա` հավելելով, որ պետք է այնպիսի անուններ դնել, որոնք հավերժական կլինեն, օրինակ` բազմաթիվ երկրներում փողոցների անունները թվեր են կամ ծառերի ու ծաղիկների անուններ:
Հրաչիկ Պողոսյանի խոսքով` պետք է արձանների հարցում ևս զգույշ լինել: Անաստաս Միկոյանը, այն ժամանակվա գաղափարախոսության համաձայն, արել է կտրուկ գործողություններ, կայացրել դաժան որոշումներ, որոնք այսօրվա ժողովրդի կողմից կարող են ընդունելի չլինել:
Լրագրողների դիտարկմանը, թե Միկոյանը մեծ դեմք է եղել, Հրաչիկ Պողոսյանը պատասխանեց. «Միկոյանը մեծ դեմք է եղել այն ժամանակվա համար, հիմա այլ անձինք են համարվում մեծ դեմքեր»: