կարևոր
5470 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-01 17:38
Քաղաքական

ՀՀ-ի վրա հայտնվել է Վիլսոնի ուրվակը

ՀՀ-ի վրա հայտնվել է Վիլսոնի ուրվակը

Դժվար է անվանել մի դեպք, որ Հայաստանի վարչապետի հանդիպումը արեւմտյան քաղաքական գործիչների հետ արեւմտյան հարթակում առաջացնի այնպիսի քաղաքական աժիոտաժ, որով ուղեկցվում է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Նիկոլ Փաշինյան-Բլինկեն Ուրսուլա ֆոն դեր Լյայեն հանդիպումը։ Առավել եւս, որ բանակցությունների օրակարգը ծածկված է Երեւանի կողմից պաշտոնապես հայտարարված արտահայտություններով, թե «նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու կայունությանը»։ Բայց նախ պաշտոնական Բաքուն, ապա նաեւ Մոսկվան հայտարարեցին՝ Բրյուսելի հանդիպումն «ուղղված է տարածաշրջանում իրավիճակի սրմանը», ինչը ստիպեց ԱՄՆ պետքարտուղարությանը հանդես գալ լրացուցիչ պարզաբանմամբ, որ Բրյուսելի գագաթնաժողովում քննարկվելու են միայն «Հայաստանի տնտեսական կայունության բարձրացման» ուղիները։ Նման պնդմամբ հանդես է եկել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Առավել եւս, որ Բաքուն եւ Երեւանը հայտարարում են՝ «խաղաղության պայմանագրի ստորագրումից մի քանի քայլ հեռու են», առանց որի Երեւանը տնտեսական զարգացման հեռանկար չունի։

Եթե իրավիճակը գնահատենք այս համատեքստում, ապա Բաքվին էլ պետք էր հրավիրել Բրյուսելի գագաթաժողովին։ Բայց նման բան տեղի չի ունենում, ինչի համար լուրջ պատճառներ կան։ Բանն այն է, որ բառացիորեն նախօրեին հայտնվեց «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցը, որը պատրաստվել էր Դանիայի նախկին վարչապետ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ։ Դրանում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը շրջվում է դեպի արեւմուտք։ ԵՄ-ն շահագրգռված է աջակցել Հայաստանին այս շրջադարձում, բայց որպեսզի դա հաջողությամբ պսակվի, ԵՄ-ն եւ Հայաստանը պետք է զգալի երկարաժամկետ ռազմավարական պարտավորություններ ստանձնեն ռեսուրսների, անվտանգության ոլորտում համագործակցության, առեւտրային հարաբերությունների եւ քաղաքական փոխգործակցության տեսանկյունից»: Այս թեզի գործնական իրականացումը կապված է երկու հետագա քայլերի հետ: Առաջին քայլը. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանն Արեւմուտքից (ամենայն հավանականությամբ՝ ԱՄՆ-ից) ստանում է անվտանգության երաշխիքներ, որոնք Երեւանին թույլ կտային «պատսպարվել» Ադրբեջանի հնարավոր գործողություններից: Արեւմտյան աջակցության ավելացման դեպքում Երեւանը կարող է փոխել բանակցային սեղանի շուրջ իր վարքագիծը եւ նոր պայմաններ առաջադրել խաղաղության պայմանագրի համար։

Երկրորդ քայլը. կսկսվի ՀԱՊԿ-ից, ապա նաեւ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի պաշտոնական դուրս գալու գործընթացըՕբյեկտիվորեն, տարբեր պատճառներով այս երկու քայլերն ուղղված են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ազգային շահերի դեմ, իսկ մեծ հաշվով Հայաստանը կարող է բռնել այն ճանապարհը, որով նախկինում գնում էր Ուկրաինան, ինչը ուղղակիորեն կանդրադառնա նաեւ հարեւան Իրանի եւ Թուրքիայի ազգային շահերին։ Այսպիսով, Հայաստանը, ինչպես Ուկրաինան, կարող է հայտնվել բարդ «աշխարհաքաղաքական թատերաբեմում», նշում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «մնալ կոտրած տաշտակի առջեւ»։

Եթե խորանանք՝ ապա Նիկոլ Փաշինյանը սկսում է կրկնել դաշնակցականների արեւմտյան դրեյֆը, որոնք Հայաստանի խորհրդայնացման նախօրեին խաղադրույքներ էին կատարում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վրա։ 1920 թ-ի ապրիլի 23-ին ԱՄՆ-ը ճանաչեց հայկական պետությունը։ Սան Ռեմոյի խորհրդաժողովում նստած դաշնակիցների առաջնորդները նամակով դիմել են Վուդրո Վիլսոնին՝ խնդրելով նրան ընդունել Հայաստանի մանդատը եւ դառնալ արբիտր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի որոշման հարցում: Մայիսի 14-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ուորեն Հարդինգի առաջարկած բանաձեւը՝ ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին: Վիլսոնը դիմել է սենատորներին՝ խնդրելով ընդունել Հայաստանի մանդատը։ Նա գրել է. »Ես հավատում եմ, որ ոչ այլ ինչ, քան քաղաքակրթության հուսադրող գործընթացի դադարեցում, կլինի մեր մերժումը՝ աջակցելու ընկերների եւ խորհրդատուների օգնության խնդրանքին»: Սակայն ԱՄՆ Սենատը չլսեց նրա փաստարկները եւ հունիսի 1-ին 52 կողմ, 23 դեմ ձայներով մերժեց Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի մանդատը, թեեւ 1920 թ-ի նոյեմբերի 22-ին Վիլսոնը կայացրեց Իրավարար վճիռը եւ 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագրի հիման վրա կազմեց Հայաստանի քարտեզը։ Սակայն 1920 թ-ի դեկտեմբերին թուրքերը հայերին պարտության մատնեցին, եւ Վիլսոնի կողմից հայ ժողովրդի համար գծված մեծ տարածքից մի փոքր մաս մնաց։

Իրադարձությունների որոշակի ընթացքի եւ հանգամանքների դեպքում նման մի բան նոր տատանումներով կարող է տեղի ունենալ նաեւ այս անգամ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում։ Առավել եւս, որ այսօր ԱՄՆ-ը շարունակում է հետեւել «Վիլսոնի տրամաբանությանը»՝ ջանալով տրամաբնական ավարտին հասցնել՝ ապակայունացնելով իրավիճակը ողջ Անդրկովկասում։ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի կարծիքով՝ «տարածաշրջանը մտցվում է քաղաքկան տուրբուլենտության գոտի», եւ Երեւանին Բրյուսելում կառաջարկվի «կուլ տալ խայծը»: Ինչպես 1920 թ-ին,այնպես էլ հիմա, ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով գործը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզում»:

Ի դեպ, հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, հղում անելով կառավարության աղբյուրներին, որ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, եւ կողմերը փաստաթուղթ են պատրաստում Արեւմուտքի կողմից Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին: Նրան կարող է առաջարկվել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, խոստացվել են ներդրումներ խաղաղության եվրոպական հիմնադրամից (EPF) եւ «սերտ ռազմատեխնիկական համագործակցություն»: Այս գործընթացում փակագծերից դուրս է նաեւ Արեւմուտքի ձգտումը՝ պատժել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։ Ճիշտ է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաջիզադեն, երբ ասում է, որ «ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի եւ կողմնակալ բնույթ են կրում եւ հիմնված են երկակի ստանդարտների մոտեցման վրա, ստեղծում են նոր բաժանարար գծեր եւ, այսպես կոչված, ազդեցության ոլորտներ տարածաշրջանում՝ հայկական կողմին բարեխիղճ բանակցությունների մղելու փոխարեն»:

Բայց շատ բան կորոշվի Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքներով։ Հայաստանին նախազգուշացնող շրջանն ավարտվում է, եւ գալիս է կարեւոր որոշումների պահը։

 

Տարասով 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի