կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 03:56
Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին

ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի» 90-ամյակին նվիրված երևանյան գիտաժողովին, որում ասված է.

 

«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

 

Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգ¬ների Նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց «Իրավարար Վճիռ»:

 

Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետևանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում և ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը:
Օրինադավությունը և բիրտ ուժը խոչընդոտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վիլսոնի «Իրավարար Վճիռը» կյանքի կոչելու հնարավորությունը: Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ:

 

Առաջին աշխարհամարտի ավարտին փլուզվեցին կայսրություններ և Եվրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետությունները ստեղծելու ճանապարհով ինքնորոշվելու հնարավորություն: Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մեկը և օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքները:
Անգամ այսօր, իր պատմական ավանդի ուժով, Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները և միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողությունը խափանելու ուղղությամբ: Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես արդարության ջատագովի և իսկական բարեկամի:

 

Պատմական այդ եզրույթի գիտական ուսումնասիրությունն ու վերլուծությունն ունեն կարևոր նշանակություն: Գիտաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»: