Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015 թվականին նշվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ այդ օրը հայությունը պետք է նշի ոչ թե որպես զոհ, այլ որպես պահանջատեր` իրավունքների տեր. Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդագրական աղետ է եղել մեզ համար, այլեւ դրա հետեւանքով կորցրել ենք մեր հայրենիքը, եւ ներկայիս մեր պետությունը ծանրագույն իրավիճակում է հայտնվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը նշեց, որ ներկայումս մեր իրավունքներին տեր կանգնելու, հայրենիքը վերադարձնելու միակ ճանապարհը իրավական դաշտում գործելն է. այստեղ մեր դիրքերը զորավոր են: Պետք է մշակել իրավական փաթեթ, որում կարեւորագույն փաստաթուղթը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է:
Երբ 1918-20 թվականներին Հայաստանը եւ Թուրքիան, ինչպեսեւ մյուս հարեւանները չէին կարողանում ընդհանուր լուծում գտնել սահմանների վերաբերյալ, գերտերությունները` Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, դիմեցին ԱՄՆ նախագահին, որպեսզի նա իր իրավարար վճռով որոշեր Հայաստանի սահմանները:
«Այս որոշումն ընդունվեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին, ստորագրվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, եւ ԱՄՆ Մեծ կնիքով վավերացվեց Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը»,- ասաց Ա. Պապյանը` հավելելով, որ վերոհիշյալ պետություններն իրենց դիմումով նախապես տալիս էին իրենց անվերապահ համաձայնությունը` պարտադիր ընդունել ցանկացած վճիռ:
Այսպիսով, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կատարման համար պարտադիր փաստաթուղթ է ՄԱԿ-ի 192 պետություններից 142-ի համար, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից չորսի` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության եւ Չինաստանի համար:
Այս փաստաթուղթը երբեք ամբողջությամբ չի տպագրվել, միայն դրա 7-րդ գլուխն է տպագրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Բուն վճիռը 86 էջ է, առդիր հավելվածները` 159 էջ, կցված է նաեւ 25 քարտեզ:
Իրավարար վճռի մասին քչերը գիտեն: «Երբ ԱՄՆ պետական արխիվում բերեցին այդ փաստաթուղթը, երբ տեսա վերջին էջը` կնիքով եւ ժապավենով, չգիտեմ... Այդ աղջիկը երեւի մի բան զգաց, հարցրեց` լա՞վ ես: Ես գոնե առաջին մարդն էի իրենց արձանագրություններով, որը վերջին հիսուն տարվա ընթացքում նայել էր դա»,- պատմեց Ա. Պապյանը:
Նրա խոսքերով` ամերիկացիները զարմանում են, թե ինչո՞ւ հայերը, որ հազարավոր գրքեր են տպագրել Ցեղասպանության մասին, չեն տպագրում մի գիրք, որտեղ խոսվում է իրենց ամրագրված իրավունքների մասին: Սակայն շուտով հենց այդ գիրքն էլ հանձվելու է ընթերցողին:
Մայիսի 30-ին տեղի է ունենալու «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը» գիրքը. այն անգլերենով է, սակայն նախատեսվում է, որ առաջիկա կես տարվա ընթացքում կթարգմանվի նաեւ հայերեն:
Այդ փաստաթուղթը Հայաստանի համար քաղաքական եւ իրավական մեծ գործիք է, որը պետք է ճիշտ օգտագործել, երբ պահը գա: Իսկ այդ պահը, ըստ Ա. Պապյանի, վաղ թե ուշ գալու է:
1980-ականներին ոչ ոք չէր պատկերացնում, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի: Իսկ Թուրքիան ավելի անկայուն է, քան ԽՍՀՄ-ն էր. քաղաքական իրավիճակը հաճախ է փոխվում անկանխատեսելիորեն: