Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ առ ժամանակ ոստիկանական խմբերի թիվը Ոսկեպարում և հարակից համայնքներում ավելացնում են»,- այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով մեզ հետ խոսելու պահին Տավուշի Կիրանց գյուղից մեկնում էր Ոսկեպար։
Նշենք, մամուլն այսօր գրել է, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքներ, որոնք ուժեղացված ծառայություն են իրականացնում, հայտնաբերում են լրատվամիջոցներին հարցազրույց տված գյուղացիներին, հորդորում այլևս հարցազրույցներ չտալ և դրանով չշարժել Ալիևի զայրույթը։
«Խնդիրն այն է, որ երբ դրսից մարդիկ են այցելում գյուղեր, սկսում են այդ մարդկանցով հետարքրքվել՝ թե ինչո՞ւ են եկել, նպատակը ո՞րն է, ինչն էլ մարդկանց կաշկանդում է, նյարդայնացնում։ Այսինքն՝ փորձում են նաև այդ կերպ մարդկանց մեջ վախ ներարկել: Հենց այս պահին Ոսկեպարում կամ մյուս գյուղերում ոստիկանական մեծ խմբեր չկան, քանի որ իշխանությունն իր գործն ավելի շատ ծածուկ է անում՝ ոչ պաշտոնական խողովակներով, զանգերով և այդ կերպ փորձում վախի մթնոլորտ ձևավորել։ Իմ կարծիքով՝ այս ամենն արվում է հետագա հնարավոր զարգացումների դեպքում մարդկանց վերահսկողության տակ պահելու նպատակով»,-նշում է Գառնիկ Դանիելյանն ու հավելում․ «Մարդիկ հիմա ավելի շատ սպասում են, թե առաջիկայում ինչ զարգացումներ են լինելու»։
-Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ սահմանամերձ բնակավայրերում, սահմանին ԶՈՒ-եր կենտրոնացնելու և պաշտպանությունն ամրացնելու փոխարեն, օրվա իշխանությունը ոստիկանական տարբեր խմբեր է գործուղում ոչ միայն Տավուշի սահմանային գյուղեր։ Ահազանգեր կան, որ, օրինակ, պարեկները Արարարտի մարզի սահմանային գյուղերում, հատկապես՝ Երասխում, բնակիչներին աջ ու ձախ տուգանում են զուտ նրա համար, որ մարդն իր բակում, հանրային բացօթյա տարածքում ծխել է։
- Այո՛, մարդկանց տուգանքի մատերիալ սարքելն այս իշխանության ձեռագիրն է: Դեռ ամիսներ առաջ բազմաթիվ տավուշաբնակներ ինձ էլ էին զանգել ու ասել, որ նման խնդիր կա․մարդկանց ծխելու, մեքենայի անվադողերի և տարբեր այլ պատրվակներով պարեկները մոտենում, տուգանում են։ Մարդիկ ասում են՝ եղբայր, ի՞նչ եք ուզում մեզանից, քիչ է մնում արդեն գյուղում քայլելու, հեռախոսով խոսելու համար տուգանեն։
-Ստացվում է՝ սահմանները, սահմանապահ գյուղերի պաշտպանությունն ամրացնելու փոխարեն օրվա իշխանությունն իրեն հատուկ ձեռագրով վախի մթնոլորտ է ստեղծում։
-Ոստիկանական համակարգին այս ընթացքում լավ վարձատրել են, այսպես ասած՝ լավ աչքով են նայել։ Շատերը զինվորական ծառայությունից դուրս են եկել ու մտել պարեկային ծառայություն, որովհետև պարեկ դառնալը, ցավոք այսօր, ավելի «պրիստիժնի» է։ Ոստիկանական, պարեկային ծառայությունն ուժեղացնում են, քանի որ գիտեն ժողովուրդն ընդվզելու է մի օր, իսկ ոստիկանութունն այսօր Նիկոլի իշխանությունը պահող միակ հենարանն է։ Այդ հենարանը տարեցտարի ուժեղացնում են, գումար չեն խնայում, հակառակը՝ բանակից տարեցտարի կրճատելու են։ Այո, այսօր մենք այն իրավիճակում ենք, որ մեր պաշտպանական ողջ ներուժը պետք է կենտրոնացնեն ամրաշինական և այլ աշխատանքներ կատարելով, ինչի բացակայությունը ժողովրդի մոտ մտավախությունների տեղիք է տալիս։
Մենք բազմիցս պահանջ ենք ներկայացրել իշխանություններին, որ գոնե գյուղի բնակիչներին զինեն, զենք տրամադրեն, վարժանքներ իրականացնեն, աշխատեն ժողովրդի հետ, բայց էդ աշխատանքը չկա։ Մարդիկ նաև դրանից են վրդովված, ասում են՝ մենք պատրաստակամություն ենք հայտնում, ինչո՞ւ դուք որևէ բան չեք անում։
Իմ մտավախությունը նաև այն է, որ իշխանությունն իր քարոզիչներով, ինչ-ինչ ուժերի միջոցով, փորձում է համոզել տեղաբնակներին, որ իրենից ոչինչ կախված չէ, նրանք էդքան էլ մեղավոր չեն, մեղավոր են ռուսները, նախկինները, բոլորը, միայն ոչ՝ իշխանությունները։ Իշխանական այդ արբանյակների քարոզը վտանգավոր է, որովհետև պարզ ուղղորդված գալիս են մարդկանց ասում՝ եթե ձեր տունն էլ անցնի ադրբեջանական վերահսկողության գոտի, պետությունը կփոխհատուցի, այսինքն՝ փորձում են մարդկանց փողով գնել, և այդ վտանգավոր միտումը կա։ Բոլորիս խնդիրն է՝ կարողանանք էնպիսի միջավայր ձևավորել, որ այդ ապազգայինը մոտեցումն արմատներ չգցի։
Նիկոլ փաշինյանը խոստովանել է, որ այդ 4 գյուղից հետո հաջորդ 4-ն է տալու, էլ ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը, եթե մարդիկ իրենց հայրենի հողից, տնից-տեղից զրկվում են։ Շատ ենք ասում՝ Տավուշի ժողովուրդը, այստեղի ժողովուրդը, բայց կարևոր է հասկանալ, որ այստեղի ժողովրդի հարցը չէ, այս 4 գյուղերով որոշվում է բոլորիս ճակատագիրը, ամբողջ Հայաստանի ճակատագիրը, այսինքն՝ դրանով մեր դարպասները, մեր ընդհանուր տան դռները բացելու ենք թշնամու առջև։
Հերմինե Զեյնալյան