կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 18:31
Քաղաքական

Իշխանությունից ոմանք ընդվզելու են իրենց նոր կարգավիճակը կորցնելու վախից և փրկվելու համար այլ ճամբարներում տեղ ապահովելու մտադրությամբ. Արմենուհի Կյուրեղյան

Իշխանությունից ոմանք ընդվզելու են իրենց նոր կարգավիճակը կորցնելու վախից և փրկվելու համար այլ ճամբարներում տեղ ապահովելու մտադրությամբ. Արմենուհի Կյուրեղյան

Իշխանության հանդեպ ժողովրդի ունեցած դժգոհությունների, իշխանության ներսում հնարավոր թևերի բաժանման, իշխանության ներսից մեկ այլ վարչապետ նշանակելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը, հագնելով Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումը, գործում է նույն կանոններով ու տրամաբանությամբ: «Իսկ Սարգսյանը ժամանակին հրաժարվեց վարչապետությունից և երկիրը փրկեց ցնցումներից: Ինչո՞ւ այս հարցում էլ չեք հետևում նրա օրինակին և հրաժարվում վարչապետությունից: Չէ՞ որ երկիրը նորից կանգնած է ցնցումների առաջ»:

- Տիկին Կյուրեղյան, ի՞նչ եք կարծում իշխանությունը կարո՞ղ է բաժանվել թևերի, օրինակ՝ Արարատ Միրզոյանի, Տիգրան Ավինյանի:

- Ըստ էության, մեր երկրում իշխանափոխության հիմքում ընկած էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հաղթանակը, այլ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի պարտությունը: Եվ այդ պարտության արդյունքում ԱԺ-ում ունեցանք անհասկանալի սկզբունքով ձևավորված մեծամասնություն՝ առանց գաղափարական, քաղաքական «իզմ»-երի: Այդ մեծամասնությունը կայուն էր, ամբողջական էր, քանի դեռ բարձր էր Նիկոլ Փաշինյանի և, հետևաբար, նրա ղեկավարած կառավարության ու իշխանության վարկանիշը, քանի դեռ հանրության մեջ գերիշխում էր էյֆորիան, իշխում էր երկրի վարչապետի կողմից նրանց մեջ անընդհատ արթուն պահվող այն վստահությունը, թե նախկինների հեռանալով ու իմքայլականների իշխանությամբ մեր երկրում կախարդական փայտիկն այլևս գործելու է և ամեն ինչ փոխվելու է դեպի լավը:

Ինչպես ամեն սուտ, այս սուտն էլ կարճ կյանք պետք է ունենար:

Այդ փաստն այսօր գիտակցում են շատերը, ինչպես նաև հենց «Իմ քայլը» խմբակցության և կուսակցության ներկայացուցիչները:

Թեև այսօր դեռ օրենքներն ու կառավարության որոշումներն ընդունվում են մեծամասնության կողմ ձայների հաշվին, բայց ես ներքին համոզում ունեմ, որ վաղուց արդեն այդ միաձայնությունը միայն առերևույթ է, ցուցադրական, իսկ ներսում արդեն առկա են ներքին ընդվզումներ և այդ ընդվզումները կարճ ժամանակ անց ի ցույց են դրվելու: Ոմանք ընդվզելու են վարկանիշի կտրուկ անկումն արդեն զգալով, իրենց նոր կարգավիճակը կորցնելու վախից  և փրկվելու համար այլ ճամբարներում տեղ ապահովելու մտադրությամբ, ոմանք՝ իսկապես չհամաձայնելով օրվա իշխանությունների մոտեցումների հետ: Հետևաբար` ես չեմ կարող բացառել իշխանության ներսում տարբեր թևերի բաժանման հնարավորությունը: Իսկ թե այդ բաժանումներն ում շուրջ կլինեն, չեմ կարող և չեմ էլ ուզում կանխորոշել:

- Իշխանափոխությունից երկու տարի անց, արդյո՞ք մի փոքր արագ չեն զարգանում դժգոհությունները իշխանության նկատմամբ:

- Իշխանության նկատմամբ դժգոհությունների զարգացման արագությունն ուղիղ համեմատական է հանրության մեջ օրեցօր ավելացած հիասթափվածների թվին, որն արձանագրվել է նույնիսկ վարչապետի կողմից: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ արագությունը գնալով ավելի մեծանա: Անցած երկու տարիների ընթացքում քաղաքական իշխանությունը «ժողովրդական պահանջի» անվան տակ առաջնորդվեց պոպուլիստական մոտեցումներով, չարդարացրեց կյանքի որակի դրական փոփոխություններին միտված հանրության սպասելիքները: Օրվա իշխանությունների և, հատկապես, վարչապետի վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը, ազգային և պետական շահերի ստորադասումը նեղ անձնական շահերին, ինքնահավան ու մեծամիտ կեցվածքը, պետության կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակը, եթե չասեմ բացակայությունը, ԽԾԲ-ի վրա հիմնված կադրային քաղաքականությունը, կորոնավիրուսի համավարակի պայմաններում իշխանությունների հակաճգնաժամային կառավարման բացարձակ անկարողությունը և այլն. սա պատճառների այն չավարտված ցանկն է, որը ծնել է և չէր կարող չծնել դժգոհությունների լայն ալիք օրվա իշխանությունների նկատմամբ:

- Իշխանափոխության սկզբում սպասելի՞ էր, որ երկու տարի անց դժգոհությունների ու հիասթափությունների այս ալիքը կլինի:

- Անկեղծ ասած, ինձ համար սպասելի էր, որովհետև իշխանության եկած թիմը այդպես էլ չներկայացրեց երկրի տնտեսական զարգացման, ներդրումային նպաստավոր քաղաքականության իրականացման, ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման, սոցիալական արդարության կայացման, ազգային անվտանգության խնդիրների լուծման ողջամիտ, իրատեսական, համապատասխան ռեսուրսների ներկայացմամբ խելամիտ ծրագրեր: 

Մի թիմ, որի ներկայացուցիչն առանց հասկանալու հայտարարում է, թե ինքը կքվեարկի նույնիսկ դատարկ, ոչինչ չներառող ծրագրի համար, ինչպես կարող էր արդարացնել հանրության հույսերը:

Մի թիմ, որի անդամներն այդպես էլ չհասկացան, որ իրենք որոշումների կայացման տարբեր մակարդակներում հայտնվեցին միմիայն այն պատճառով, որ ժողովուրդը դուրս էր եկել մերժելու Սերժ Սարգսյանին և դրանով իսկ՝ երկրում տիրող անօրինականությունները, սոցիալական անարդարությունը, կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով: Մի թիմ, որին թվում էր, թե ժողովուրդը դուրս էր եկել Նիկոլ Փաշինյանին և իրենց իշխանության բերելու:

Ոչ և հազար անգամ ոչ: Նման պարզ ճշմարտությունը չհասկացող թիմը չէր կարող երկար ժամանակ վայելել, և այսօր արդեն անհերքելի է, որ չի վայելում հանրության մեծամասնության վստահությունը: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: