կարևոր
4774 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-27 19:57
Հասարակություն

4 ամսում կարելի է արտադրել հրթիռներ, որոնք կստիպեն Բաքվին հանձնվել

4 ամսում կարելի է արտադրել հրթիռներ, որոնք կստիպեն Բաքվին հանձնվել

Ես ասում եմ, որ Տավուշի այն գյուղերը, որոնք ուզում են հանձնել, ադրբեջանական չեն։ Ազատության հրապարակում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե փնտրում է այն մարդուն, ով կասի, որ այդ տարածքները ադրբեջանական չեն։

«Դրանք հայկական տարածքներ են՝ բոլոր առումներով։ Ավելին՝ նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հետկար հող, դա 310 ք/կմ է։ Եթե Ալեն Սիմոնյանը նման բան է ասել՝ ավելի քան ստախոս է»,- նշել է նա։

Դիտարկմանը, թե Փաշինյանը պնդում է, որ այդ տարածքները պետք է տան, քանի որ պատերազմի վտանգ կա՝ Բագրատյանն արձագանքել է, բա էլ ի՞նչ համար է վարչապետ աշխատում։ «Վտանգ կա՞՝ պաշտպանվի»։

Փաշինյանը պնդել է, որ պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, ինչին արձագանքելով նախկին վարչապետն ընդգծել է, որ դրանք չեն աշխատում, քանի որ Փաշինյանն է վարչապետը։

«Նա ի՞նչ է հասկանում զենքից, ի՞նչ է հասկանում զենքի արտադրությունից, զենքի արտադրության նախարար է նշանակել արևելագետի, Մխիթար Հայրապետյանն արևելագետ է։ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, նրանք վախկոտների հավաքածու են, նրանց ուժը պատում է միայն ոստիկանությանը լարելու՝ քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ընդամենը 4 ամսում կարելի է արտադրել այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը պարզապես հանձնվի, ոչինչ չի արվում դրա համար»,- արձանագրել է Բագրատյանը։

Հարցին, թե իշխանափոխության համար ժամանակ ունե՞նք՝ Բագրատյանը պատասխանել է. «Հասկացեք, սահմանագծումն անցնելու է Երևանով, միշտ ժամանակ ունենք, քանի դեռ շնչում ենք»։

Ինչ վերաբերում է սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելու Փաշինյանի քայլերին՝ Հ. Բագրատյանը դա շանտաժ է որակել. «Դա նունն է, որ կնոջդ հետ մի տեղ նստես՝ 3 հոգի մոտենան ասեն՝ տես, մենք 3 հոգով քեզ բոլոր դեպքերում կծեծենք, կնոջդ թող էստեղ՝ դու գնա։ Էդպես վարչապե՞տ է լինում, բա եթե պաշտոն ես ստանձնել, բա պաշտպանի։ Հայտարարիր զորահավաք, փակիր միջին տարիքի տղամարդկանց ելքն ու մուտքը։ Ոսկեպարում արդեն 300-400 հոգանոց աշխարհազոր է ստեղծվել, անգամ երեխեքն են անդամագրվում, ամոթ չի՞ էստեղ կաֆեներում նստած եք։ Կաֆեներում վեր ընկնելու փոխարեն գնացեք՝ Ոսկեպարը պաշտպանեք։ Իսկ իրենք «Ցռան վերգո» են, իրենք հայրենասիրության զգացում չունեն,իրենք թքած ունեն էդ հողի վրա, իրենք զրո են»։