կարևոր
2944 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-22 11:47
Քաղաքական

Նիկոլը սկսում է հանձնել հայկական տարածքը

Նիկոլը սկսում է հանձնել հայկական տարածքը

ՀՀ վարչապետի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, թե հայկական տարածքի որ հատվածը եւ կոնկրետ որտեղ է նա պատրաստ տալ Ադրբեջանին։ Որո՞նք են այդ տարածքները, ինչո՞ւ են դրանք սկզբունքորեն կարեւոր Հայաստանի համար եւ ի՞նչ է նշանակում Նիկոլի նոր հռետորաբանությունը Ռուսաստանի հասցեին նրա մեղադրանքների համատեքստում:

Դա հայտարարել է Տավուշի (հյուսիսային) հատվածում, որտեղ գտնվում են անկլավային եւ էքսկլավային գյուղերը, Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիան սկսելու պատրաստակամության մասին։ Իրականում դա կնշանակի Ադրբեջանին հանձնել և՛՛ հայաբնակ գյուղերը, և՛ բուն հայկական տարածքն՝ այն տեսքով, որով այն մնացել է Հայաստանին ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այս ամենն արդարացնելու համար Նիկոլը գնացել էր Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման, որն էլ նախատեսվում է հանձնել Ադրբեջանին։ Այնտեղ նա հանկարծ վախեցրեց գյուղացիներին եւ միեւնույն ժամանակ ամբողջ աշխարհին նոր պատերազմով։ Պատասխանելով տեղի բնակիչներից մեկի հարցին՝ դա հայտարարեց, որ «կարելի է հիմա վեր կենալ եւ հեռանալ դահլիճից», ասել, որ որեւէ դելիմիտացիա եւ դեմարկացիա չի լինելու։ «... Բայց դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է լինելու։ Եվ ես գիտեմ, թե ինչ կլինի այս պատերազմի ավարտին: Հետո, երբ հանդիպենք Հանրապետության հրապարակում ինչ-որ տեղ, կասեք. «Լավ, մենք պարզ գյուղացիներ ենք, տեղեկություն չունեինք, բայց դուք ամեն ինչ գիտեիք»,-  իր տրամաբանությունը բացատրեց վարչապետը: Այլ կերպ ասած՝ նա հասկացրեց, որ գործում է Ադրբեջանի ուղղակի ռազմական ճնշման ներքո, ուստի «սահմանի ճշգրտում» է պետք։ Իսկ հարեւան Կիրանցում Նիկոլը հայտարարեց՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի արդյունքում հայկական զորքերի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի միջեւ գոյություն ունեցող շփման գիծը կդառնա երկու երկրների ճանաչված սահման, իսկ զինծառայողների փոխարեն այնտեղ կկանգնեն սահմանապահները: «Այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, ընդունված չէ միմյանց վրա կրակել, եւ այդ հատվածում, ըստ էության, տարածքային վեճ չկա»։

Այս հայտարարությունն առնվազն վիճելի է, քանի որ և՛ սահմանապահները երբեմն կրակում են միմյանց վրա, և՛ տարածքային վեճ կա։ Ադրբեջանը պահանջում է իր վերահսկողությանը հանձնել Հայաստանի՝ որպես ինքնուրույն և անկախ պետության գոյատեւման համար առանցքային նշանակություն ունեցող հողերը, գյուղերն ու ճանապարհները:

Հայկական կողմի համար, ըստ Նիկոլի, կարեւոր է արձանագրել երկրի տարածքային ամբողջականությունը, եւ խնդիրն այն է, որ հարեւան երկրները եւս ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իսկ դրա համար պետք է, որ Հայաստանն ինքը առաջին հերթին ճանաչի դա։ Այսպիսով, փաստացի ՆիկՈլը հասկացրեց, որ այս պահին Հայաստանն ինքը չի ճանաչում սեփական սահմանները։ Նախկինում նա ասում էր, որ ժամանակակից Հայաստանի տարածքը պետք է համապատասխանի Հայկական ԽՍՀ տարածքին։

Տավուշում սահմանների դելիմիտացիայի եւ տարածքային զիջումների բուն թեման կրկին ակտուալացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գրասենյակում հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «չորս էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»։ Հայտարարության մեջ հիշատակվել են ․․․․․ (այսինքն՝ վերին Ոսկեպար, որտեղ այժմ եղել է Նիկոլը եւ Տիգրանաշեն հայկական գյուղերը), ինչպես նաեւ Սոֆուլու եւ Բարխուդարլը (դատարկ բնակավայրեր)։ Բաքվում պահանջում են նաեւ չորս «ոչ էկսկլավային» գյուղեր (ըստ ադրբեջանական վարկածի՝ Բաղանիս Այրըմ, Աշաղի Ասքիպար, Հեյրիմլի եւ Գըզըլգաջըլ)։ Խիստ ասած՝ Գըզըլգաջիլին գտնվում է չեզոք գոտում, իսկ մնացածը՝ բուն Հայաստանի տարածքում՝ նրա խորհրդային սահմաններում։ Այսպիսով, Հայաստանի ֆիզիկական տարածքի նվազման հետ կապված իրավիճակը շատ արագ է զարգանում։

Հայաստանի վարչապետն ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ հստակեցրել է, որ Տավուշում ոչ մի գյուղ չի պատրաստվում հանձնել Ադրբեջանին։ Բայց միեւնույն ժամանակ, ըստ նրա, առաջարկվում է Ոսկեպարի եւ Տիգրանաշենի շուրջ շրջանցիկ ճանապարհ կառուցել, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը պարզապես կզրկվի դեպի Վրաստան եւ այնուհետեւ դեպի մեծ աշխարհ գնացող հիմնական մայրուղուց: Առանց այդ մայրուղու Երեւանը կվերածվի ցամաքային կղզու։

Թե ինչպես է այս ամենը տեղավորվում մեկ մարդու գլխում, դժվար է հասկանալ։ Մի կողմից, դա ասում է, որ չի պատրաստվում տարածք փոխանցել։ Մյուս կողմից՝ խոստովանում է, որ պատրաստվում է այդ տարածքների շուրջ շրջանցիկ ճանապարհներ կառուցել։ Եթե չի պատրաստվում փոխանցել, ինչո՞ւ շրջանցել։

Իրականում խոսքը հենց վերը նշված բոլոր գյուղերը, դրանց հարակից հողատարածքները Ադրբեջանի ֆիզիկական վերահսկողությանը հանձնելու եւ նախկին անկլավային տարածքի՝ որպես հոծ գոտու նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը վերականգնելու մասին է։ Հատկանշական է, որ Ոսկեպարում հանդիպման ժամանակ տեղի բնակիչներից մեկը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչ է լինելու իր (բնակչի) տան հետ, քանի որ Google քարտեզներում, չգիտես ինչու, հենց վերջին շաբաթվա ընթացքում է սահմանը տեղաշարժվել։ Այդ մարդու տունը արդյունքում, ըստ տվյալ քարտեզների, հայտնվել է ադրբեջանական տարածքում։ Փաշինյանը պատասխանել է, որ հենց այդ հարցերն էլ պետք է սահմանի դելիմիտացիան լուծի։

Այս երկխոսության ընդհանուր տարօրինակությունից բացի, նա հաստատում է, որ Տավուշի առնվազն մի մասը Հայաստանից Ադրբեջանին հանձնելու հարցը գործնականում լուծված է:

Մի փոքր անց, Երեւանում, Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլը հայտնեց՝ ավելի վաղ ինքը Բաքու էր ուղարկել ներկայիս շփման գծից զորքերի հայելային հետքաշման ծրագիր, սակայն պատասխան չի ստացել։ Այստեղ կա նաեւ զուտ ռազմական ասպեկտ։ Բանն այն է, որ հայկական բանակի դիրքերը Տավուշում ամենաուժեղն են։ Տեղական ռազմական խմբավորումն առավել մարտունակ է եւ վերջին տարիներին հաջողությամբ ծածկել է երկրի բաց հյուսիսային թեւը։ Իսկ նշված գյուղերն ու տարածքները հանձնելուց հետո այդ բոլոր դիրքերը կկորչեն առանց կռվի, հայկական բանակը կկորցնի հյուսիսում պաշտպանական շահավետ գիծը։ Փաստորեն, Ադրբեջանի համար ուղիղ ճանապարհ կբացվի Իջեւանով դեպի Գյումրի։ Տեղացի ռազմական դիտորդները նշում են՝ այդ դիրքերի կորուստը մեկ-երկու ամիս հետո Ադրբեջանի լրացուցիչ պահանջներն է առաջ քաշելու՝ թողնել արդեն մյուս գյուղերը՝ Վարդենիսը, Եղեգնաձորը եւ Ջերմուկը։ Ընդ որում, այդ անեքսիան հնարավոր կլինի ձեւակերպել նաեւ սահմանազատման անվան տակ։ Եվ այս ամենը՝ չխոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Դա բոլորովին այլ վայրերում տեղի է ունենում. այսպիսով, Հայաստանի գրեթե ողջ սահմանը, ինչպես մենք այն ճանաչել ենք 1991 թ-ից ի վեր, այժմ կասկածի տակ է դրվում, քանի որ դելիմիտացիան կարող է հանգեցնել դրա շտկմանը՝ հօգուտ Ադրբեջանի: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Նիկոլի հայտարարությունները կապված չեն Ռուսաստանի հետ, դա Երեւանում իշխանությունների իրավասությունն է եւ Արեւմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»: Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերություններից։ Ժամանակին մենք արդեն վերապրել ենք Ռուսաստանի հասցեին Հայաստանի ղեկավարության մեղադրանքների ալիքը։ Նիկոլը հայտարարում էր, թե իբր Ռուսաստանը հրաժարվել է օգնել Հայաստանին ընդդեմ «Ադրբեջանի ագրեսիայի»։ «Մեր երկրին որպես ամեն ինչի եւ բոլորի մեղավոր որակելը, այդ թվում՝ Ղարաբաղի ժողովրդի դավաճանությունը... ոչ այլ ինչ է, քան (կոչենք ամեն ինչ իր իսկ անունով) սուտ»,- այս առիթով ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։  Իսկ հիմա պարզվում է՝ Նիկոլն ինքն է ճանաչում այն տարածքները, որոնք խնդրել է պաշտպանել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, ոչ հայկական։ Այդ դեպքում նա ի՞նչ էր խնդրում պաշտպանել։

Եթե Ոսկեպարը հայկական տարածք չէ, այնտեղ հայկական եկեղեցիներ չկան եւ հայեր չեն ապրում, ապա դա ի՞նչ է։ Ո՞ւր են գնալու այդ մարդիկ սահմանագծումից եւ ադրբեջանական զորքերի կողմից անկլավներ ու էքսկլավներ գրավելուց հետո։ Իսկ այդ մարդկանցից շատերը կարող են փախստական դառնալ երկրորդ անգամ կամ երկրորդ սերնդում։

Ըստ էության, խոսքը Նիկոլի կողմից ոչ միայն տարածքների, այլեւ հենց հայկական պետականության սողացող հանձնման մասին է։ Եվ այս դեպքում Երեւանին այլեւս անհնար է բողոքել «ՀԱՊԿ-ի անգործությունից»։ Չէ՞ որ սահմանազատման դեպքում խոսքը երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ դիվանագիտական բանակցությունների մասին է։ Եվ եթե այդ երկրներից մեկը պատրաստակամություն է հայտնում կամավոր հանձնել իր տարածքի մի մասը, ապա Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այստեղ կապ չունեն։ 

 

Եվգենի Կրուտիկով

Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի