Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե կոնկերտ ե՞րբ է ԱՄՆ ներկայացուցիչը աշխատանքը սկսելու Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։
Դեսպանատնից պարզաբանել են, որ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից։ Ֆինանսավորումն ապահովում է Պետքարտուղարությունը կողմից, և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը։
«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն», - հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Կոնկրետ որտե՞ղ է տեղակայվելու խորհրդատուն, արդյոք հենց Պաշտպանության նախարարությունում։ Դեսպանատան փոխանցմամբ՝ խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»:
«Խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- նշված է դեսպանատան գրավոր պատասխանում։
ԱՄՆ դեսպանատունը նաև ռազմական կցորդ ունի Հայաստանում։