կարևոր
760 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-15 19:21
Քաղաքական

Պեսկովը որոշ մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Պուտին սպասվելիք բանակցությունների օրակարգից

Պեսկովը որոշ մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Պուտին սպասվելիք բանակցությունների օրակարգից

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցության նախագծերը և փոխադարձ անհանգստություն ներկայացնող թեմաները կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք բանակցությունների օրակարգում։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

«Քննարկվելու են մեր երկկողմ հարաբերություններում անհանգստություն ներկայացնող հարցեր, հնարավոր տնտեսական համագործակցության նախագծեր, ուկրաինական կարգավորման բաղադրիչներ, թեզիսներ տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ, սպասվող բանակցությունների առարկա համարվող թեմաների մասին խոսել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ հիմնական հարցերը կապված են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։

Օգոստոսի 15-ին Ալյասկայում սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանից հայտնել են, որ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 22:30-ին (Երևանի ժամանակով՝ 23։30-ին)։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ հանդիպումը կսկսվի տեղական ժամանակով 11։00-ին (Երևանի ժամանակով՝ 23։00-ին)։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը նախ կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, այնուհետև՝ 5-ական անդամից բաղկացած պատվիրակությունների մասնակցությամբ։ Դրանից հետո երկու նախագահները մամուլի ասուլիսում կներկայացնեն բանակցությունների արդյունքները։ Հանդիպման առանցքային թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։