կարևոր
3247 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-15 17:15
Հասարակություն

ՀԾԿՀ նախագահին հորդորել է անհապաղ կասեցնե՞լ Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ում նշանակման որոշումը

ՀԾԿՀ նախագահին հորդորել է անհապաղ կասեցնե՞լ Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ում նշանակման որոշումը

NEWS.am-ի տեղեկություններով՝  վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին այն մասին, որ, հաշվի առնելով Ստոկհոլմյան հրատապ աբիտրաժի որոշումը, ՀԾԿՀ նախագահի՝  ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը անհրաժեշտ է անհապաղ կասեցնել՝ Հայաստանի նկատմամբ հետագա սանկցիաներից խուսափելու համար։

NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մեսրոպ Մեսրոպյանից՝ արդյոք պատրաստվում է կասեցնել Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու իր որոշումը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ դեռեւս տեղյակ չէ գրությունից։

«Մենք ամեն օր տասնյակ գրություններ ենք ստանում, դեռեւս իմ տեսադաշտում չի հայտնվել»,- ասաց նա։

Պատրաստվո՞ւմ եք կասեցնել որոշումը, եթե համոզվեք, որ նման առաջարկ է արվել՝ մեր հարցին ի պատասխան ՀԾԿՀ նախագահը նշեց․ «Բնականաբար, եթե պարտադրող, իմպերատիվ, պետության կարծիքը արտահայտող ինչ-որ գրություն է, ես դրա հետ հաշվի պետք է նստեմ։ Ես դրա հետ չեմ կարող հաշվի չնստել։ Այս պահին ուրիշ բան ասել չեմ կարող»։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթների կատարումից, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։