Փոխարժեքներ
15 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնում է Ալյասկա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և ուկրաինական հակամարտության մեջ հրադադարի հասնելու համար։
Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նա խոսել է Ուկրաինայի անվտանգության, տարածքային հնարավոր փոխանակման մասին և խոստացել է Ռուսաստանի հետ գործարքներ չկնքել մինչև հակամարտության «կարգավորումը», հաղորդում է Sky News-ը։
Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գործարքներ չեն լինի մինչև պատերազմի ավարտը և ենթադրել է, որ ԱՄՆ-ը կարող է օգնել երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։
Նա հայտարարել է, որ չնայած գագաթնաժողովում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պատվիրակությունները, կարծես, կենտրոնացած էին բիզնեսի և տնտեսական շահերի վրա, իր առաջնահերթությունը պատերազմի վերաբերյալ համաձայնության հասնելն է, նախքան այլ հարցերին անցնելը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է ներգրավվել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում «Եվրոպայի և այլ երկրների հետ միասին»։
Թրամփը հավելել է, որ դա չի լինի Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին՝ հայտարարելով, որ «կան որոշակի բաներ, որոնք տեղի չեն ունենալու»։
«Ես նկատել եմ, որ Պուտինը Ռուսաստանից շատ գործարար մարդկանց է բերում, և դա լավ է, ինձ դա դուր է գալիս, քանի որ նրանք ցանկանում են բիզնեսով զբաղվել, բայց մենք չենք զբաղվելու բիզնեսով, մինչև պատերազմը չկարգավորենք»,- շեշտել է նա։
Թրամփը հավելել է, որ տարածքային փոխանակումները «կքննարկվեն, բայց ինքը պետք է Ուկրաինային հնարավորություն ընձեռի ընդուննել այդ որոշումը»։ «Կարծում եմ՝ նրանք ճիշտ որոշում կընդունեն»,- նշել է նա։
Նրան միաժամանակ հարցրել են այս շաբաթ իր հնչեցրած սպառնալիքի մասին, ըստ որի Պուտինի համար «լուրջ հետևանքներ» կլինեն, եթե նա շահագրգռված չլինի խաղաղությամբ։
«Տնտեսական առումով լուրջ, այո, դա շատ լուրջ կլինի։ Ես դա անում եմ շատ կյանքեր փրկելու համար, այո, դա շատ լուրջ կլինի»,- եզրափակել է Թրամփը։