կարևոր
17797 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 19:15
Աշխարհ Արցախ

Սոցինտերնի խորհրդի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի հարցով

Սոցինտերնի խորհրդի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի հարցով

Ապահովել ժողովրդի հավաքական վերադարձը, իրավունքներն ու անվտանգությունը, ՀՀ-ի հետ անխոչընդոտ ցամաքային կապը, կալանավորվածների ազատ արձակումը

Ս.թ. փետրվարի 24-25-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտեր-նացիոնալի (Սոցինտերն, Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը, Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) կենտրոնատեղիում։

Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն քաղաքական այս կազմակերպությանը ՀՅ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907թ․, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախա¬գահներից է, ով մասնակցել է խորհրդի եւ նախագահության նիստերին, եւ ընտրվել է ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի անդամ։

Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կազմակերպության նախագահության եւ խորհրդի նիստերի իր բացման ելույթներում ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։

Սոցինտերնի նախագահության եւ խորհրդի նիստերին, Մարիո Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետեւանքով ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բռնության քայլերն ու սպառնալիքներն ու պահանջները։

Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձեւ, որտեղ ասվում է.

Սոցիալիստական Ինտերնացիոնալն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու համար նման համաձայնություն պետք է ձեռք բերվի առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ հիմնված միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի վրա՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգայնորեն հովանավորվող խաղաղ գործընթացը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների և անվտանգության լիարժեք իրացումը իր պապենական տարածքում:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ մեր երկարամյա սկզբունքային քաղաքականու-թյանը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը Ադրբեջանին պարտավորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանություն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ» ինչպես նաև հրաժարվել «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կոչ ենք անում՝

1. Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգա¬վորումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը՝ ապահովել ժողովրդի հավաքական, անկաշկանդ և անվտանգ վերադարձը հայրենիք։ Նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշ¬խավորված միջանկյալ կարգավիճակ ապահովել՝ երաշխավորելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների ամբողջ ծավալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության արդյունավետ երաշխիքներ, ինչպես նաև Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ։

2. Ազատ արձակել ռազմագերիները և կալանավորված անձինք։

3. Տարածաշրջանում տրանսպորտի և կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով և համաժամանակյա՝ առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։

Սոցինտերնը պատրաստ է աջակցել այդ գործընթացներին որպես միջնորդ՝ իր միջոցով և իր անդամ կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակ¬ցությամբ:

Սոցինտերնի խորհրդի նիստը նաեւ որոշումներ է կայացրել կազմակերպական հարցերի վերաբերյալ, որդեգրել Մադրիդյան հռչակագիրը։

Ընկերվար միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություւններ համախմբող համաշխարհային կառույց է։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միությանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանը IUSY-ի փոխնախագահ է։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենկակ

27․02․2024թ․