կարևոր
3892 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-22 14:43
Քաղաքական

Փորձում են կափարիչ դնել Արցախի հարցի վրա և փակել այն․ Սամվել Շահրամանյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալությանը և նրա անվան շուրջ ստեղծված իրավիճակին՝ գործը որակելով շինծու։ Նա խնդրեց ուժային մարմիններին կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը։

«Մենք բոլորս ականատես ենք եղել դրան։ Մեծ հարցեր է առաջացնում նաև ձերբակալության օրինաչափությունը և քաղաքի կենտրոնում 20 հոգով դիմակավորված ձերբակալելը անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել նախագային սպասարկող մեքենայի միջից՝ մեծ հարցեր է առաջացնում։ Առաջիկայում մենք այդ հարցերի պատասխանները կստանանք։

Մեկ բան էլ՝ այս ամենը կապ ունի այն բանի հետ, որ փորձում են այն, ինչը կապված է Արցախի հետ՝ կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը։ Բայց ինձ թվում է՝ չպետք է գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ՝ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների համար։ Կարծում եմ՝ մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, և այն միշտ արյունահոսելու է» ,-ասաց Շահրամանյանը։

Նա ներկայացել էր հակակոռուպցիոն կոմիտե։ 

«Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցման, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, նշված էր, որ իրենք ստացել են իմ՝ 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը։ Այդ գրության մեջ ես խնդրել էի, որ սոցիալական ցանցերում հայտնի դարձած այն տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության կողմից որոշ պաշտոնյաների կողմից դրսևորվել են խախտումներ, հիմնականում՝ ֆինանսական ոլորտում, որպեսզի այդ հայտարարություններն ընդունեն հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն համապատասխան քայլեր։ Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակներում ինձ հրավիրել են՝ որպես վկա հարցաքննվելու» ,-նշեց Սամվել Շահրամանյանը։

Նա չցանկանկացավ կոնկրետ անուններ նշել՝ ասելով, որ վարույթ իրականացնող մարմինն ավելի ճիշտ կպարզաբանի հարցը։

«Մեզ համար շատ կարևոր է ստանալ այդ հարցերի պատասխանները, եթե կան մեղավորներ՝ անպայման պետք է պատժվեն։ Ընդհանուր տարբեր խախտումների մասին է խոսքը, այն բոլոր տեղեկությունները, որոնք ի հայտ են եկել սոցիալական ցանցերում, խնդրել եմ, որ բոլորն ուսումնասիրության առարկա դարձնեն»,- շեշտեց Արցախի նախագահը։