կարևոր
448 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-27 12:21
Քաղաքական

Չի կարող արցախցու հարցը համարվել լուծված, մինչդեռ զրկաված ենք մեր հայրենիքից, գերեզմաններից ու սրբություններից․ Սամվել Շահրամանյան

Չի կարող արցախցու հարցը համարվել լուծված, մինչդեռ զրկաված ենք մեր հայրենիքից, գերեզմաններից ու սրբություններից․ Սամվել Շահրամանյան

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Եռաբլուր պանթեոնը բազմամարդ էր, նահատակ  հերոսների սխրանքը վերարժեվորելու, նրանց վառ հիշատակը հարգելու նպատակով Եռաբլուրում էին Արցախի Հանրապետության ղեկավար կազմը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդը, Արցախի ԱԺ պատգամավորները, նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը, մյուս բնակավայրերը և խաղաղ բնակչությանը։

Պատերազմից 5 տարի է անցել, սակայն պաշտոնական հստակ տվյալներ չկան զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի մասին։ Ըստ պաշտոնական հրապարակման, զոհվել է 3809 անձ։

Եռաբլուրում լրագրողներն Արցախի նախագահից հետաքրքրվեցին, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացի վերաբերյալ, ի պատասխան՝ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Մենք ողջունում ենք ցանկացած խաղաղություն, որն ուղղված է իրական խաղաղությանը, սակայն նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմաններից, սրբություններից։ Աչք փակելով այդ հարցի վրա՝ մեծ խնդիր են ստեղծում հետագայի համար»,- նշեց Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ հարցը պետք է ստանա լուծում՝ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի տեսքով։