Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ կեսգիշերին իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում ավարտվեց ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու նախագծի հանրային քննարկումը: Հանրային քննարկման էջ այցելել է մոտ 200 հազար քաղաքացի, նրանցից համարյա 12 հազարը գրանցվել և դեմ է քվեարկել նախագծին, ու 500-ին հասնող «դեմ» արձագանք թողել մեկնաբանությունների բաժնում: Ավելին` հանրային տիրույթում բազմաթիվ պատմաբան գիտնականներ, մանկավարժներ, շարքային մարդիկ ևս կրտրականապես դեմ են արտահայտվել այս նախաձեռնությանը: Օրինակ, «Հրապարակի» կայքում տեղադրվող բազմաթիվ հոդվածների տակ գրվող մեկնաբանությունների մեջ մենք գեթ մեկ դրական արձագանքի չենք հանդիպել: Այսինքն, հայ հասարակությունը կտրականապես դեմ է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու գաղափարին:
Եվ չնայած դրան` երեկ ՀՀ վարչապետն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում նորից պնդեցին այս առաջարկը: Նախարարը հայտարարեց, որ դասագրքում բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ փոփոխության իմաստը պետականության դրվագների դոմինանտությունը պետականություն չունեցած շրջանների դրվագների նկատմամբ ընդգծելն է:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը «Հրապարակի» հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց` նշելով, որ այս իշխանությունների արդարացումներին չի կարելի միանշանակ վերաբերվել, քանի որ նրանք դեռ մի քանի տարի առաջ հայտարարում էին` «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այսօր ասում են` «Արցախը Ադրբեջան է և վերջ»: Պատմաբանի կարծիքով` պետք է կանգնեցնել ԿԳՄՍ նախարարությանը, հակառակ դեպքում «Հայաստանի պատմություն» կոչվածը մեզ ոչ մի լավ տեղ տանել չի կարող: Նա նկատեց, որ եթե այսպես շարունակվեց, գուցե վաղն էլ արգելվի, օրինակ, «Արարատ» ֆուտբոլային թիմի գործունեությունը, քանի որ այն կարող է դուր չգալ Թուրքիային.
«Հայոց պատմությունն անխոս առավել ընդգրկուն է, իսկ «Հայաստանի պատմությունը»` ոչ: Բերված բոլոր պատճառաբանություններն անհիմն են, ինչ-որ անհայտ մասնագետների կողմից: Կա մտավախություն, որ եթե այսօր փոխվի առարկայի անունը, վաղը կարող է փոխվել նաև բովանդակությունը: Իսկ նման մտավախություն ունենալու համար կան բավարար հիմքեր, օրինակ` տվյալ նախաձեռնության հեղինակի քաղաքական վարքագիծը: Ասում էին` «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա էլ ասում են` «Արցախը Ադրբեջան է և վերջ»: Այս մոտեցումները տեսնելով` չենք բացառում, որ վաղը կարող է դասագրքերում արգելվի Արցախի մասին ընդհանրապես խոսելը: Արցախի մասին 10-րդ դասարանի դասագրքերում մի քանի տեղ խոսվում է: Բայց այդ ամենը միայն Արցախով չի սահմանափակվելու: Տոտալ քարոզ է գնում, որ մենք սխալ ընթացքով ենք առաջ շարժվել, որ թշնամուն պետք է հասկանալ և լինել ոչ պահանջատեր: «Հայաստանի պատմությունը» կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքի պատմությունը: Այսինքն` մենք պետք է ստիպված հրաժարվենք Հայկական լեռնաշխարհի մեր ժառանգությունից: Թշնամի երկրների պատմաբանների կողմից ևս այս գաղափարն է առաջ տարվում: Նրանք Հայաստանի հնագիտություն ասելով, օրինակ` նկատի ունեն միայն ՀՀ տարածքի հնագիտությունը», - ասում է Ստեփանյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ ԱԺ-ում վստահեցրեց, որ դասագրքի փոփոխություն` բովանդակային առումով չի լինելու, փոխվելու է միայն դասագրքի անվանումը. «Բայց նրանք նաև մեզ վստահեցնում էին, որ Արցախը Հայաստան է և վերջ, ասում էին, որ Արցախը նաև իրենց հայրենիքն է, բայց ասելով չէ: Դատողություններ պետք է անել միայն մարդկանց աշխատանքը տեսնելով: Մենք չպետք է թույլ տանք աղճատել մեր պատմությունը, այն դարձնելով այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել մեր թշնամի երկիրը: Ես բավարար փաստեր չունեմ ասելու, որ սա կոնկրետ թշնամու երկրի պահանջն է, սակայն ենթադրում եմ, որ կարող է նաև նման միտում լինել: Ցանկանում են նաև սիմվոլներ փոխել, եթե այս ամենի դեմը չառնենք, վաղն էլ կարող են այլ պահանջներ ներկայացնել: Վաղն էլ կարող են պահանջել ՀՀ ֆուտբոլի առաջնությունից հանել այն թիմերին, որոնք ունեն պատմական անուններ` Արարատ, Վան և այլն: Ասածիս մեջ չկա ոչ մի սարկազմ: Օրինակ` կարող են ասել` Արարատը մերը չէ, ի՞նչ գործ ունենք նման անունով թիմ ենք պահում», - եզրափակում է Խաչատուր Ստեփանյանը:
Աղբյուրը՝ Hraparak.am