Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սահմանից ոչ հեռու գտնվող Տավուշ գյուղի բնակիչ Արմենն ուշուի մարզիչ է: 5 տարի է` ընտանիքի հետ մասնակցում է «Մարզական ընտանիք» մրցույթին: Նա է ընկերոջը՝ մարտական ուշուի մարզիչ Բագրատ Ուդումյանին համոզել, որ մասնակցի մրցումներին: Բագրատն էլ առիթը բաց չի թողել, կնոջն ու որդուն մարզել է, եկել են ու հասել եզրափակիչ: 4-րդ տարին անընդմեջ մասնակցում են. միշտ էլ հաջող են հանդես եկել՝ հաղթել են ու մրցանակակիր դարձել: Այս տարի էլ կանգնեցին պատվո հարթակին:
Բագրատը սահմանամերձ Չորաթան գյուղից է: Ընտանիքը մեծ էր, տունը` փոքր, առանձնացան ու տեղափոխվեցին Նոր Հաճն: Ուշուի մարզիչը մինչ այդ 10 տարի գյուղում ֆիզկուլտուրա էր դասավանդել:
«Դպրոցում աշակերտները քիչ էին, նորմալ պայմաններ չկային, դասարան կար` 6 հոգի էր, 6-ն էլ` տղա: Գյուղի ապրուստն էլ էր վատ: Չէր ստացվում մի բան հետ գցել, մի արդյունքի հասնել: Էրեխեքին մրցումների տարին մի անգամ էինք բերում, էդ էլ շատ քիչ էր, որ էրեխեն աճի: Ընդեղ շատ էինք կտրված, ոչ մի բանից տեղյակ չէինք, ամենաշատը, որ տեղյակ էինք, էդ կրակոցներն էին»,- գյուղից տեղափոխվելու որոշումն այսպես է մեկնաբանում Բագրատը:
36-ամյա մարզիչը խոստովանում է` եթե մի քիչ հնարավորություններ լինեին, կմնար գյուղում:
Բագրատի ընտանիքում առողջ ապրելակերպը կենսակերպ է: Սպորտի նկատմամբ սերը եկել է Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր որդուց՝ Արթուրից: Նրա անունով էլ կոչել է որդուն:
Բագրատի երկու եղբայրներն էլ պայմանագրային զինծառայության անցան: Նրանցից Արմանը զոհվեց այս տարվա հունվարին՝ ադրբեջանական գնդակից: Արմանի երեք երեխաների մասին այժմ հոգ են տանում Արմանի եղբայրները, կինը:
Բագրատը հիշում է` երբ «Մարզական ընտանիք»-ի մրցումները սկսում էին, եղբայրն իրենից շատ էր ոգևորվում: «Միշտ գովում էր, միշտ զանգում էր: Առաջին անգամ հրաձգություն մարզաձևը որ մտցրեցին, ինքն ա կնոջս ու տղուս սովորացրել: Դե ես ծառայել էի, գիտեի»,- ասում է նա:
Բագրատի 13-ամյա որդու՝ Արթուրի ականջներում դեռ հնչում է սահմանի կրակոցների ձայնը, մրցումների ժամանակ հնչող կրակոցներն էլ նմանեցնում է սահմանին հնչող կրակոցներին: «Համարյա նույնն ա, էլի, ոնց ընդեղ են կրակում, նենց էլ էստեղ»,-անկեղծանում է երեխան:
Ընտանիքի հետ Նոր Հաճնում հաստատված Արթուրը կարոտում է հայրենի գյուղը, խոստովանում է ՝ Չորաթանում ավելի լավ էր:
Գյուղի մասին որդու պատմածները լսելիս հայրն էլ մտաբերում է իր մանկությունը: Այն ժամանակ էլ էին խաղալիք զենքեր պատրաստում, անծայրածիր դաշտերում խաղում, բայց իրական զենքերի կրակոցների ձայներ չէին լսում, ադրբեջանցիների հետ էլ կարգին հարևանություն էին անում:
«Ես որ փոքր էի, պապիկս կապ ուներ թուրքերի հետ, իրա հետ գնացել եմ իրանց գյուղը, շատ լավ մեզ հյուրասիրել են: Էրեխա էի, բայց հիշում եմ էդ ամեն ինչը»,- ասում է մարզիչը:
Բագրատը խոստովանում է ՝ հեռացել է գյուղից, որ որդիներն ուրիշ մանկություն ունենան, որ գոնե նրանք գալիք խաղաղությանը հավատան: Իսկ սահմանամերձ գյուղ վերադառնալը Բագրատը կապում է միայն գալիք խաղաղության հետ:
Թագուհի Մելքոնյան