Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Alpha News-ը գրում է.
Ռազմաքաղաքական հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նախկինի պես չի կարող պաշտպանական համագործակցություն զարգացնել միայն Ռուսաստանի հետ։
Ըստ փորձագետի՝ Հայաստանը կատարում է Եվրամիության որոշակի պատվեր:
«Եվրոպան այժմ կզարգացնի սպառազինության շուկան և Հայաստանը կկապի իր տեխնոլոգիաներին, իր չափանիշներին, քանի որ հետագայում այն փոխելը շատ դժվար կլինի: Այսինքն՝ դու կամ գտնվում ես ՆԱՏՕ-ի չափորոշիչներում, կամ խորհրդային, ԱՊՀ երկրներում կամ, պայմանականորեն ասած, ռուսական։ Դրա համար էլ մոտ ժամանակներս Հայաստանն, իհարկե, պաշտպանություն կփնտրի Ֆրանսիայից, Եվրամիությունից, բայց ժամանակակից աշխարհաքաղաքականության պայմաններում, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, և ընդհանրապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու քաղաքականության պայմաններում, փնտրել կողմնակի կազմակերպություն, որը կպաշտպանի քեզ քո իսկ հարևաններից, անհնար է։
Դա պետք է արվի միայն մի տարածքում, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան կլսեն ինչ-որ կարծիք, իսկ Ռուսաստանին նրանք կլսեն։ Իսկ Եվրոպան ապակառուցողական գործոն է այս տարածաշրջանում։ Եվրոպան հենց ուզում է բոլորին հակասության մեջ դնել իրար հետ, որպեսզի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքն Ադրբեջանի տարածքով դեպի Իրան և այնտեղից արդեն Հնդկաստան, Պակիստան դադարեցվի․ սա Եվրամիության առանցքային գործոններից մեկն է։
Այդ պատճառով Հայաստանը կօգտագործվի որպես Ուկրաինա, որպես հարվածելու գործիք, որի խնդիրն է լինելու պարզապես ոչնչացնել այնտեղ առկա իրավիճակը։ Այս ամենը կազդի Հայաստանի քաղաքացիների բարեկեցության վրա, կազդի նրա հարևանների հետ հարաբերությունների վրա։ Իմ կանխատեսումն այն է, որ եթե Հայաստանը գնա ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով, դա երաշխավորված է, որ հարևանների հետ զինված դիմակայության նոր փուլ կառաջացնի»,- ասել է Կլինցևիչը։
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի համար այժմ առանցքային խնդիրը Նախիջևան անարգել մուտքն է, այդ հարցը լուծված չէ։
«Ուստի, ամենայն հավանականությամբ, Բաքուն մոտ ապագայում կփորձի լուծել այդ հարցը։ Կա, իհարկե, այլընտրանքային տարբերակ՝ կապված Իրանի տարածքով նման միջանցքի ստեղծման հետ, բայց դա անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ դա, պայմանականորեն ասած, կարճ թոկ է, որից նրան կարող են քաշել»,- եզրափակել է Անդրեյ Կլինցևիչը: