կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-09 16:02
Աշխարհ

ԱՄՆ-ը կփորձի Հայաստանին և Ադրբեջանին հին, բայց հուսալի զենք վաճառել. Կլինցևիչ

ԱՄՆ-ը կփորձի Հայաստանին և Ադրբեջանին հին, բայց հուսալի զենք վաճառել. Կլինցևիչ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս Ռուսաստանին  գրգռելու  նպատակ  էր հետապնդում:

Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած  Մոսկվա-Մինսկ-Երևան-Տալլին տեսակամրջի ընթացքում ակնարկեց ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը:

«Երբ նրանք այցելում են տարածաշրջան, չեն տեսնում ո'չ Հայաստան, ո'չ Ադրբեջան, նրանք տեսնում են Ռուսաստան: Նույնը նաև Ուկրաինայի դեպքում է. նրանք թքած ունեն, թե ինչ գործընթացներ են այնտեղ զարգանում, ինչպես են մարդիկ ապրում: ԱՄՆ-ի համար կարևորը Ռուսաստանին վնասելն է, նրա և բարեկամների  միջև հակասություններ ստեղծելը»,- շեշտեց նա՝  հիշեցնելով, թե  մեկ անգամ չէ, որ նշել են՝  Հայաստանն այն երկրներից է, որ երբեք չի դավաճանել Ռուսաստանին:

Կլինցևիչը  մի կողմից կասկածում է, որ ԱՄՆ-ը զենք կվաճառի Հայաստանին և Ադրբեջանին, մյուս կողմից նշում է` այդ թեմայով բանակցություններ կվարվեն:

«Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հնարավորություն քննարկվում  է: Իմ կարծիքով` սա չափազանց  բարդ հարց է, քանի որ կապված է մեր հարևանների հետ, ինչպես նաև՝ Ռուսաստանի դիրքորոշման: Ռուսաստանը չի համաձայնի այս սադրիչ քայլերին:  Այո, ԱՄՆ–ում սկսվել է վերազինման գործընթաց, և երկիրը փորձում է հին, բայց հուսալի զենքը վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես Ուկրաինայի դեպքում, որպեսզի այն «չկորչի». Ամերիկայի դեպքում ոչինչ չի «կորչում»»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 26–ին Հարավային Կովկաս կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, թե չի բացառում 907-րդ բանաձևի դադարեցման հնարավորությունը, ինչի շնորհիվ Ադրբեջանին զենք մատակարարելու հնարավորություն կընձեռվի: