կարևոր
4231 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 20:20
Քաղաքական

Արմեն Աշոտյանի կալանքը եւս 3 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը եւս 3 ամսով երկարաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։

Պաշտպանության կողմը, ինչպես արդեն նշվել էր, միջնորդել է Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը։

Աշոտյանի համար երաշխավորել են ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի ԾերեթելինՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։