կարևոր
2707 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-11 20:40
Քաղաքական

Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց 3 ամսով

Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց 3 ամսով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով։

Րոպեներ առաջ վճիռը ներկայացնելիս դատավոր Վահե Դոլմազյանն ասաց․ «Սույն գործով մեղադրյալ Արմեն Գևորգի Աշոտյանի  նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունվարի 15-ը»:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։

2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։