կարևոր
4345 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 22:55
Հասարակություն

Սոթքի օրինակը. երբ զիջում ենք անվտանգությունը, զրկվում ենք լավ ապրելու հեռանկարից

Սոթքի օրինակը. երբ զիջում ենք անվտանգությունը, զրկվում ենք լավ ապրելու հեռանկարից

Անվտանգություն և սոցիալական հարցեր. զիջելով անվտանգությունը` զրկվում ենք լավ ապրելու հեռանկարից

Ներկա անվտանգային ճգնաժամի պայմաններում կարծես բավարար չափով ներկայացված չէ անվտանգության և սովորական հայ մարդու կյանքի որակի միջև առկա կապը:

Անվտանգային հարցերը մեզնում հաճախ ընկալվում են որպես մեր կյանքի հետ ուղիղ առնչություն չունեցող, «հայրենասիրության և զգացմունքայնության» տիրույթում գտնվող հարցեր, իսկ այ սոցիալական խնդիրները` ռեալ խնդիրներ, որոնք պետք է լուծել առաջին հերթին, և որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա:

Մինչդեռ իրականում անվտանգությունն այն հիմքն է, առանց որի փլուզվում է ամեն ինչ:

Ընդամենը մեկ օրինակով մենք կարող ենք տեսնել` ինչպես է անվտանգային խնդիրը շատ արագ դրսևորվում նաև սոցիալական հարցերում:

Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրը ՀՀ խոշոր հանքավայրերից էր: Մինչև 2020 թ. պատերազմը ու Քավաճառի շրջանի հանձնումը Գեղարքունիքի մարզը չուներ սահմանամերձ բնակավայրեր, հանքն էլ ամբողջովին տնօրինվում էր մեր կողմից:

Հանքում աշխատում էր 1700-1800 մարդ:

Հանքը ներառված էր ՀՀ խոշոր հարկատուների ցանկում և պետբյուջե էր վճարում տարեկան 21 մլրդ դրամ գումար (2019 թ. տվյալներով):

Հանքից ստացվող հումքը մշակվում էր Արարատում գտնվող ոսկու արդյունահանման գործարանում:

Հանքից հանքաքարի արտահանումը կազմում էր ՀՀ երկաթուղային արտահանման ու բեռնափոխադրման 40-50%-ը:

Քարվաճառի հանձնումից հետո Գեղարքունիքի տասնյակ բնակավայրեր դարձան սահմանամերձ: Հանքը նախ կիսվեց` Ադրբեջանը պահանջեց համատեղ շահագործել այն, ապա պատերազմին հաջորդող 3 տարիների ընթացքում հանքի ուղղությամբ պարբերաբար կրակելու և հանքի բնականոն շահագործման աշխատանքներին Ադրբեջանի կողմից նպատակաուղղված խոչընդոտելու հետևանքով այս պահին հանքի աշխատողների թիվը կրճատվել է շուրջ 5 անգամ` կազմելով շուրջ 350:

2022 թ․ հանքը ՀՀ պետբյուջե է վճարել 3 մլն դրամ հարկ` 7 անգամ պակաս, քան 2019 թ:

Որպեսզի պատկերացնենք սա շուրջ 32 հազար կենսաթոշակառուի 1 տարվա թոշակի գումարն է (միջին կենսաթոշակով հաշված)։

Ոսկու հանքի բնականոն աշխատանքի դադարեցման արդյունքում կրճատումներ են տեղի ունեցել Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունում:

Երեկ Սոթք համայնքում էինք, բնակիչները բարձրաձայնում էին հանքավայրի վիճակի հետևանքով առաջացած գործազրկության խնդրի ու դրա հետևանքով առաջացած սոցիալական ծայրահեղ ծանր պայմանների մասին:

Այս մի օրինակով մենք կարող ենք տեսնել երկրի պաշտպանության տապալման և անվտանգային համակարգի փլուզման հետևանքները:

Փաստորեն Գեղարքունիքի սահմաններին հնչող կրակոցները ոչ միայն գործազրկության և սոցիալական պայմանների կտրուկ վատթարացման տեսքով շատ արագ արտահայտվում են հենց Գեղարքունիքում, այլ նաև նույն կերպ դրսևորվում են թվացյալ կերպով որևէ ձևով մարզի հետ կապ չունեցող մեկ այլ մարզում (Արարատում աշխատատեղերի կրճատում) և ընդհանրապես արտահայտվում են ամբողջ երկրի բնակչության վրա (պետական բյուջե մուտքերի էական կրճատում):

Սա անվտանգային և սոցիալական հարցերի սերտ կապը պարզորոշ դրսևորող միայն մեկ օրինակ էր, և դրանք բազմաթիվ են: Այստեղ կարևորն այս երկու հարցերը միմյանց հակադրելու փոխարեն դրանց սերտ կապվածության ցույց տալն է:

Մենք պետք է կարողանանք բացատրել, որ, եթե զիջում ենք անվտանգությունը, զրկվում ենք լավ ապրելու հեռանկարից։

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր