Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները նոր թափ են հավաքում։ Չնայած գործող վարչակարգը դեռ հերքում է արտահերթի մասին խոսակցությունները, սակայն այդ հերքումներն ավելի շատ հաստատման են նման, ամենակարեւորը` գործողություններն են վկայում այդ մասին։
Որ արտահերթի թեման իշխանության օրակարգ է մտել վերջին երկու ամիսներին, մասնավոր զրույցներում չեն հերքում նաեւ ՔՊ-ական պատգամավորները, բայցեւ վստահեցնում են, որ վերջնական որոշում չկա՝ ընտրություններ անել մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրո՞ւմը, դրանով նախ լեգիտիմացնելով Արցախի կորուստը եւ հող նախապատրաստելով նոր զիջումների համար, թե՞ ընտրություններն անցկացնել խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո՝ հավերժացնելով իրենց իշխանությունը։
Բացի այդ՝ արտահերթի պահանջ կա նաեւ Արեւմուտքից, որը, այսպես կոչված, հավատարմության երդում է պահանջում Հայաստանի իշխանություններից առ այն, որ դուրս են եկել ռուսական գոտուց, տեղափոխվել Արեւմուտքի հովանու տակ: Եվ դա պետք է ամրագրել ընտրությունների արդյունքներով՝ ձեւավորելով արեւմտամետ ուժերից կազմված խորհրդարան, այս «ռուսամետ խորհրդարանի» փոխարեն։ Արեւմուտքը շահագրգիռ է օր առաջ անցկացված արտահերթ ընտրություններով երկարաձգել Փաշինյանի իշխանության կյանքը, որպեսզի ավարտին հասցնեն Հայաստանը Ռուսաստանից վերջնականապես կտրելու իրենց ծրագրերը։ Անգամ ժամկետների մասին է նշվում, որ ընտրությունները կարող են կայանալ 2024 թվականի ամռանը կամ աշնանը։
Այս տեղեկությունների անուղղակի հաստատումները կան նաեւ շաբաթ օրն Իջեւանում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած ներկուսակցական հարցերի քննարկման բովանդակությունում: Այստեղ նա հպանցիկ անդրադարձել է արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններին, որոնք քննարկվող հարցերի հետ բացարձակապես կապ չունեին, սակայն փորձելով հերքել արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները, Փաշինյանն ավելի խորացրեց կասկածները։ Տեսախցիկների առաջ նա բարձրաձայն ծիծաղելով ծաղրում էր ընդդիմադիրներին. «Էս մարզային հանդիպումների շարքը, որն ընդդիմության շրջանում արտահերթ ընտրությունների պատրաստվելու ....Հիմա սա կարող եմ չասել, որովհետեւ նկարահանում են, թողնեմ՝ ընդդիմադիրներն իրենց ռեսուրսները ծախսեն գարնանը սպասվող արտահերթ ընտրությունների վրա, շտաբներ բացեն, պարտք վերցնեն, վարկ վերցնեն (երեւի պետք է մտածել՝ այս հատվածը մոնտաժ անել, թե չանել), ․․․իսկ իրականում մենք այստեղ շատ ավելի կարեւոր հարցերի համար ենք հավաքվել»։ Ընդդիմությանը բացառապես որպես թշնամի համարող Փաշինյանը, փաստորեն, կարծում է, որ նորմալ է, երբ պետության ղեկավարի միտքն աշխատում է ընդդիմությանը վնաս տալու կոնտեքստում, իսկ իրական թշնամիներին միայն օգուտ է տալիս: Գուցե այս խոսակցությամբ նա ուզում էր մոլորեցնել ընդդիմադիրներին՝ վստահեցնելով, որ արտահերթի հարց չկա։
Օրերս նրա թիմակից ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ նույնն արեց․ «Արտահերթ ընտրության օրակարգ չկա, ՔՊ-ն ստացել է խաղաղություն հաստատելու մանդատ... Ինչո՞ւ են լինում արտահերթ ընտրություններ, երբ որ ժողովրդի կամարտահայտությունը չի լինում այնպես, ինչպես Սահմանադրության ձեւաչափն է, Սահմանադրության պահանջն է: Արտահերթ ընտրություններ, դուք տեսաք, տեղի ունեցան պատերազմից՝ ազգային աղետից հետո, երբ մենք դրա միջով անցանք, խնդրում եմ ձեզ այս ֆեյք օրակարգերի մեջ չմտնել, նման բան չկա»:
Ընդդիմությունից հակադարձում են՝ արտահերթ ընտրությունների մասին այս քննարկումները հենց իշխանությունն է ծավալել։ «Իշխանությանը պետք են արտահերթ ընտրություններ, որպեսզի ամրագրեն Արցախի կորուստը, ինչպես նաեւ հող նախապատրաստեն խաղաղության պայմանագրով նախատեսվող նոր զիջումների համար։ Կասեն. տեսեք` ընտրություն տեղի ունեցավ, կողմ են ինձ, իմ վարած քաղաքականությունը ճիշտ էր, հիմա ինչ ուզեմ, նա էլ անելու եմ, կգա, նրանից հետո էլ Հայաստանը կկազմալուծի ու ամբողջ պատասխանատվությունը կգցի ժողովրդի վրա՝ հայտարարելով, որ ժողովուրդն է ինձ ընտրել, նա է վստահության քվե տվել»,- ասում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Որ իշխանությունը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների, հուշում են նաեւ նրանց գործողությունները։ Ընդդիմադիր պատգամավորը հիշատակում է համայնքները զավթելու Փաշինյանի ու իր թիմի իրականացրած վերջին օպերացիաները: «Բոլոր պաշտոններում իրենց մարդկանց են նշանակում՝ ՄԻՊ, ԿԸՀ նախագահ, դատախազներ, դատավորներ, սա խոսում է իշխանության վախերի եւ այն մասին, որ ամեն գնով փորձելու են վերարտադրվել»,- ասում է Դանիելյանը։
Նա չի բացառում, որ ընտրությունները նաեւ արտաքին պահանջ են` Արեւմուտքից եկող․ «Ի վերջո, իշխանության բոլոր քայլերի վրա աչք փակելու, ամեն հարցում ներելու արեւմտյան դեսպանների այս աչքփակոցին մի նպատակ է հետապնդում՝ Հայաստանը հանել Ռուսաստանի դեմ՝ դարձնելով երկրորդ Ուկրաինա»»։