Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջերս կայացած «սիրելի վարչապետ» 9 ժամանոց շոուն Փաշինյանի կողմից կրկին օգտագործվեց Արցախի հարցով «Նախկիններն են մեղավոր» անհեթեթությունը վերակենդանացնելու համար: Եվ կրկին ապարդյուն, որովհետև «Լեռնային Ղարաբաղը լուծարվել է դեռևս 2016թ.-ին» նորովի փաթեթավորված կեղծիքը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի տիտանական զեղծարարությունների էպիկենտրոնում է, չի կարող հիմնավորվել, ապացուցվել կամ ճշմարտություն դառնալ:
Բոլորովին զարմանալի չէ, որ ներկայի խճճված և վտանգավոր իրականությունը թողած՝ նա և իր թիմը նորից փորձում են Արցախի ներկայիս հայաթափումը ներկայացնել՝ որպես նախկինից արմատներ գցած և պատմականորեն անխուսափելի դարձած զարգացում: Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ իր մեղավորության խարանը, կապիտուլյանտի դաջվածքը, դավաճանի տատուն իր ամենամեծ սպառնալիքն է՝ ոչ միայն պատմական դիսկուրսի, այլև՝ Real politik-ի տեսանկյունից:
Բոլորովին պատահական չէ, որ իբր 2016թ.-ից լուծարված Արցախի զառանցանքը կրկնեց նաև Ալեն Սիմոնյանը, իսկ Վահագն Խաչատուրյանը կրկին շան գլուխը թաղեց հեռավոր 1991թ.-ին:
Նման հիմարությունները վտանգավոր են, եթե անկախ իրենց կեղծ լինելու ակնհայտ հանգամանքներից, չեն հակադրվում նույն համառությամբ, ինչ համառությամբ որ դաշտ են նետվում Նիկոլի և իր թիմակիցների կողմից:
Ուստի հարկ եմ համարում հակիրճ շարադրել այն փաստերը, որոնք ապացուցում են փաշինյանական կեղծիքի ողջ թշվառությունը:
1. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի շուրջ բանակցային գործընթացը ոչ միայն ԼՂՀ լուծարման մասին չէր, այլև ԼՂՀ անվտանգությունը և գոյությունը ամրապնդելու նոր գործիքակազմ էր բյուրեղացրել: Տես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:
2. 2016թ.-ի հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս փաստը ևս ոչ մի կերպ չի տեղավորվում 2016թ.-ից Արցախի լուծարման նիկոլական ստի մեջ:
3. 2016թ.-ին Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվեց «Արտաքին քաղաքականության դոկտրին»՝ նոր խմբագրությամբ, որում կրկին առանձին անդրադարձ կար Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանաձևին, որը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման և իրացման սկզբունքը: Այսինքն՝ ԼՂ հարցն այնպիսի կարևորության էր, որ դրա լուծումն ամրագրվել էր անգամ այլ պետության դոկտրինալ փաստաթղթում:
4. 2017թ.-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA-ն) նույնպես պարունակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը՝ որպես կարգավորման հիմք:
5. 2020թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում արձագանքելով Փաշինյանի սկանդալային հոդվածին, մանրամասնել է մինչև 2018թ. եղած բանակցությունների դետալների մասին, որոնք նույնպես ապացուցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հայկական կողմի հաջողությունները, ոչ թե «ԼՂ լուծարումը»:
6. 2020թ.-ի հունվարին Փաշինյանը Կապանում իր շուրթերով է ընթերցել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը՝ ներառյալ՝ պարտադիր ուժ ունեցող հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ, Լաչինի և Քելբաջարի հայապատկանություն և այլն:
7. Հիշեցնեմ նաև ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը, որ Փաշինյանն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած առաջին հայ ղեկավարը:
8. Վերջիվերջո, 2016թ.-ի եռաստիճան բանակցային փաթեթը՝ ներառյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծը, իրենց ձեռքերում է: Դե թող հրապարակեն, եթե մեկ գրամ վստահություն ունեն իրենց պնդումների մեջ: Որ բոլորս տեսնենք՝ 2016թ.-ից մինչև 2018թ. Արցախյան բանակցային փաթեթը Լեռնային Ղարաբաղը լուծարելո՞ւ, թե՞ ամրապնդելու և զարգացնելու մասին է:
Նիկոլի համառ ջանքերը՝ ջնջելու վրայից դավաճանի խարանը, բժշկական դեպք են հիշեցնում. հայտնի է, որ որևէ տատու հեռացնելու փորձերը հաճախ տեսանելի և այլանդակող սպիներ են առաջացնում, իսկ այդ սպիները վերացնելու ջանքերը՝ էլ ավելի խորացնում խնդիրը: Ահա այսպիսին է վիճակն Արցախի հայաթափման մեղքը ուրիշների վրա բարդելու՝ փաշինյանական իդեա ֆիքսի պարագայում:
Ինչ խոսք, Նիկոլը նաև վատ «կոսմետոլոգ» է:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
29.11.2023թ.